ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր հին գրառումներից մեկը, որն արել է դեռևս 2011-ին և գրել. «Գրել եմ 12 տարի առաջ՝ ընդդիմադիր եղած ժամանակ: Համեմատե՛ք ներկայիս ընդդիմադիրների հետ:
Շատ երկար ժամանակ այս հրապարակումը չէի ուզում անել: Բայց այն պահվածքը, որն ունի ընդդիմությունը և այլոք, երբ մենք արտաքին/անվտանգային խնդիրներ ենք ունենում, բառերով դժվար է բնորոշել:
Միշտ, հիշե՛ք՝ միշտ, պետական շահը պետք է լինի առաջնային»:
«ՉԻ». Չէէ՜, ախպեր ջան, չանցավ: Էդ պետական շահով էի՞ք առաջնորդվում, երբ «Սասնա ծռերը» գրավել էին ՊՊԾ գունդը ու Սերժ Սարգսյանը, և ընդհանրապես՝ պետությունը խնդիրներ ուներ: Թե՞ գնացել, միացել էիք «Սասնա ծռերի» համակիրներին ու հայտարարում, թե ծռիստների հանդեպ քրեական օրենսգիրք կիրառելը սխալ է:
Էդ պետական շահով էի՞ք առաջնորդվում, երբ բանակցային սեղանին Արցախի հարցի կարգավորման նոր փաթեթ էր դրված: Սերժ Սարգսյանին աջակցեցի՞ք, թե՞ ընդհակառակը՝ նրան ու Արցախի հարցում նրան աջակցողներին դավաճաններ համարեցիք: Դավաճանություն համարեցիք այն, ինչը հիմա միայն երազել կարելի է:
Որ էս ընդդիմության մեծ մասի համար պետական շահ հասկացություն գոյություն չունի, դա մենք գիտենք դեռ 1990-ականներից, բայց դուք մինչև իշխանության գալը չգիտեի՞ք այդ մասին: