Այսօր համացանցում բազմաթիվ օգտատերեր խիստ քննադատության էին ենթարկում ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, որ վերջինս իր հեղինակային հաղորդման ժամանակ, որը նվիրված էր Արցախում ընթացող պատերազմին, ոչ հայանպաստ տեսակետներ է հայտնել:
«ՉԻ». Զարմանալին այն է, որ ընդամենը երկու օր առաջ բազմաթիվ հայեր գովում էին Սոլովյովին, շնորհակալություն հայտնում, որ նա Արցախի ու Հայաստանի մասին դրական մտքեր է հայտնել:
Ցավոք սրտի, այս հոգեբանությունը բավական խորն է նստած մեր հանրության գիտակցության մեջ, երբ պատերազմի վերաբերյալ պատկերացումները դրսի արձագանքներով ու տեսակետներով են կազմում: Եթե լավ են խոսում, ուրեմն՝ հաստատ կօգնեն, կամ ամեն ինչ լավ է, եթե բացասական՝ ուրեմն, ծախված են, կաշառված ու պատվեր են կատարում:
Վլադիմիր Սոլովյովը ռուսական մեդիադաշտի ամենաազդեցիկ և հայտնի ներկայացուցիչներից մեկն է, որը բավական պատրաստված է, ինչ անուն էլ նրան կպցնեն, գրագետ, բայց նա որևէ պարտավորություն չունի Հայաստանի, Արցախի և հայերի մասին միայն մեզ հաճելի մտքեր հայտնել:
Միգուցե հոգու խորքում նա խիստ զայրացած է թուրքերի վրա, ատում է նրանց, շատ է ցանկանում, որ պատերազմում մենք հաղթենք, բայց նա առաջին հերթին Ռուսաստանի շահերն է պաշտպանում, կամ առաջնորդվում այդ շահերով: Ինչքա՞ն պիտի ասենք, որ ոչ ոք հենց այնպես, մեր սիրուն աչքերի կամ արդարացի պատերազմի համար վտանգի տակ չի դնի իր շահերը: Ուրեմն, խնդիրը մեր մեջ է, ոչ թե՝ Սոլովյովի, մե՛նք պետք է նրան մեզ դաշնակից դարձնենք, ոչ թե նա՝ մեզ: Սա էլ պատերազմի քիչ երևացող ճակատն է, որտեղ նույնպես կենաց-մահու պայքար պետք է մղել:
Ուրեմն, հանգիստ պետք է թողնել Սոլովյովին, Լարի Քինգին և մնացածներին: Նրանք շարունակելու են ասել այն, ինչ թելադրում է իրենց երկրի շահը: