...

Քարտեզը նկարչական ալբոմ չէ

Քարտեզը նկարչական ալբոմ չէ

Պատերազմը հաղթելու և նրա պտուղներից իրապես օգտվելու համար մենք պետք է ձերբազատվենք ծայրահեղություններից: Իսկ այսօր տարբեր քաղաքական շրջանակների և ուժերի շնորհիվ դոմինանտ են երկու ծայրահեղ պատկերացումներ ու ակնկալիքներ:

Խուճապի, պարտության, պայքարի աննպատակահարմարության և անհնարինության քարոզի կողմնակիցներին շատ ենք անդրադարձել և թերևս էլի առիթ կլինի անդրադառնալու, որովհետև այդ ուժերը չեն հանգստանում:

Բայց պակաս վտանգավոր չէ մյուս ծայրահեղական մոտեցումը: Կարծես մանկական նկարչական ալբոմ գնած լինեն, որտեղ կարող ես ինքդ ներկել: Նույն կերպ են վերաբերվում տարածաշրջանի քարտեզին: Ժամանակ առաջ մինչև Քուռ գետի հովիտ էին ներկում, հիմա կարգինով ուղիղ գիծ են քաշել դեպի Ռուսաստանի սահման:
Աշխարհը կարող է համակերպվել, որ մենք վերականգնենք պատերազմից առաջ եղած բնագծերը, անգամ աչք կարող է փակել, եթե նրանք ձգվեն մի փոքր արևելք, բայց թշնամու կապիտուլյացիա թույլ չի տա: Չի տա, որովհետև ժամանակակից աշխարհում դա վաղուց տեղի չի ունենում:

Այո, պայքարողը, կռվողը պետք է մեծ նպատակներ դնի իր առջև, բայց վտանգավոր է հատկապես հիմա, պատերազմի շատ դժվար փուլում հասարակությանը կերակրել իլյուզիաներով, թե ուր որ է պատերազմի ելքը կորոշվի, և մենք կազատագրենք Մինգեչաուրը: Այդ ֆոնին անգամ ժամանակավոր նահանջը մեծ հիասթափություն է բերում հասարակության շրջանում, որովհետև հասարակ ժողովուրդը, առանց խորանալու, թե ով է ասողը կամ ինչու է ասում նման բան, հիասթափվում է՝ նշելով, թե ուղիղ սահման էիք խոստանում դեպի Ռուսաստան:

Հատկապես քաղաքական ուժերը պետք է դրսևորեն խոհեմություն, չտրվեն պատրանքներին ու երազանքներին, գոնե այս էտապում ձերբազատվեն պոպուլիզմից և հասարակության հետ լինեն հնարավորինս անկեղծ:

Լավն է, թե վատը, բայց կա միջազգային հանրություն: Այո, նա կարող է չխառնվել ռազմական գործողություններին, բայց հաստատ չենք կարող հաշվի չառնել նրա շահերը հետպատերազմյան քարտեզի համատեքստում: Այդպիսին է դառը ճշմարտությունը: Հատկապես գազատարների և նավթամուղների մասով աշխարհը լուռ չի նայի սեփականատիրոջ փոփոխությանը: Այս դեպքում թերևս ճիշտ կլինի վերցնել նաև Բաքուն, որ չստացվի միայն տրանզիտն ենք ապահովում:

Մեր պատերազմը Արցախի ինքնորոշման իրավունքի, իր հայրենիքը չլքելու և արժանապատիվ ապրելու իրավունքի համար է: Սա պետք է լինի դոմինանտ, որպեսզի աշխարհի համար լինենք ընկալելի, և նրանք չմտահոգվեն, թե նպատակ ունենք վնասել իրենց շահերին: Լրացուցիչ թշնամիներ և հատկապես՝ այս պահին, մեզ ընդհանրապես պետք չեն:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1116 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ