...

Ճիշտը ժամանակավորապես Եվրոպա տեղափոխվելն է

Ճիշտը ժամանակավորապես Եվրոպա տեղափոխվելն է

Գուցե առաջին հայացքից շատ խնդրահարույց պնդում անենք, սակայն իրավիճակն իսկապես ճգնաժամային է, և պետք են ոչ ստանդարտ մոտեցումներ:

Հայաստանում նախագահի ինստիտուտը լիազորություններ գրեթե չունի: Եվ Արմեն Սարգսյանը չէ մեղավոր, որ այս օրերին զբաղված է միայն հարցազրույցներ տալով: Միաժամանակ նրա շատ ակտիվ ներգրավումը երկրի կառավարման գործում կարող է խնդիրներ առաջացնել և երկիշխանության ծանր հետևանքներ թողնել:

Բայց նաև ճոխություն է այս պահին չօգտագործել Արմեն Սարգսյանի հնարավորությունները: Թերևս օպտիմալ որոշում կլինի, եթե նախագահը որոշ ժամանակով տեղափոխվի Բրյուսել, Փարիզ կամ Լոնդոն: Հեղինակավոր լրատվամիջոցներին հարցազրույցներ այնտեղից էլ կարող է տալ և շատ ավելի արդյունավետ: Բայց բացի դրանից, նա կարող է տետ-ա-տետ հանդիպումներ կազմակերպել որոշումներ կայացնող եվրոպական ազդեցիկ գործիչների, Հայաստանի բարեկամների և, ինչու չէ, թշնամիների հետ: Թշնամիների հետ նույնպես պետք է խոսել, հասկանալ, թե ով ինչ դրդապատճառներով է աջակցում ադրբեջանաթուրքական ահաբեկիչներին: Գուցե հնարավոր լինի նրանցից գոնե մի մասին տարբեր միջոցներով հետ կանգնեցնել այդ համագործակցությունից:

Այն, ինչ կարող է անել Արմեն Սարգսյանը, հաշվի առնելով կարգավիճակը և անցած ուղին, օբյեկտիվ պատճառներով չեն կարող անել Եվրոպայում աշխատող մեր դիվանագետները:

Արմեն Սարգսյանը նաև շատ օգտակար կլինի հայկական սփյուռքի պոտենցիալի ճիշտ ուղղորդման գործում:

Ակնհայտ է, որ սփյուռքը գործում է, ցանկանում է անել հնարավորը և անհնարը, սակայն նրան պետք է փորձառու և խելացի կազմակերպիչ, որ ճիշտ հունի վրա կդնի նրա հնարավորությունները:

Եվ, այո, եթե պետք լինի, նաև մասնակցի հանրահավաքներին: Դա նախ կոգևորի հայերին և երկրորդ՝ անհամեմատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի միջազգային լրատվամիջոցների կողմից:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1895 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ