...

Խուճապ տարածողների հանդեպ պետք է հարկադրանքի ավելի լուրջ միջոցներ կիրառել

Խուճապ տարածողների հանդեպ պետք է հարկադրանքի ավելի լուրջ միջոցներ կիրառել

Խուճապը և անկումային տրամադրություններ տարածելը վերջին բանն է, որ իրեն կարող է թույլ տալ պատերազմող պետությունը: Թշնամու զինամթերքի ընդհանուր արսենալի մեջ այս բաղադրիչը շատ ավելի առաջնային հորիզոնական է զբաղեցնում, քան որևէ հրթիռ կամ բանակային կորպուս: Նրա ավերիչ հետևանքները շատ ավելի ուժգին են, քանի որ տեսանելի չեն և չգիտես, թե որտեղ կպայթեն:

Ակնհայտ է, որ թշնամին մեծապես օգտվում է զենքի այս տեսակից: Չնայած ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական կողմը չի թաքցնում իր կորուստները, այնուամենայնիվ կան մարդիկ, որոնք պատերազմի առաջին օրվանից սկսած պատմություններ են պատմում հազարավոր կորուստների և իբր իրենց աչքերով դա տեսնելու մասին: Այն դեպքում, որ այս օրերին չեն լքել իրենց թաղամասը:

Անկումային տրամադրությունների տիրաժավորմանը նպաստում է նաև ադրբեջանական պրոպագանդայի խիստ համակարգված և նպատակային աշխատանքը: Ստեղծել են բազում հայալեզու կայքեր ու ֆեյսբուքյան էջեր, որոնց վրա միացված է գովազդ և որոնք մեծագույն վնաս են հասցնում հասարակական տրամադրություններին և թիկունքին: Կարելի է զարմանալ, թե ինչու միայն երեկ հասկացան, որ պետք է արգելափակել az դոմեյնով կայքերի հասանելիությունը Հայաստանում: Շատ արագ պետք է նաև չեզոքացվի ազերական ֆեյսբուքյան էջերի մուտքը մեր տիրույթ:

Նույնը վերաբերում է պետական ապարատի գործունեությանը: Ակնհայտ է, որ հայրենիքը կարիք ունի զինվորների և պետք է կոչ անել ու հորդորել զինվորագրվելու: Սակայն դա էլ պետք է արվի համակարգված, որպեսզի խուճապ չստեղծվի: Երեկ Մեղրու և Քաջարանի քաղաքապետները հանդես եկան նման կոչերով, և սկսվեց մի իսկական վակխանալիա: Մի մասը սկսեցին տարածել, որ դա ֆեյք է, մյուսները պնդում էին, թե քաղաքապետները նախկին իշխանությունների կողմնակիցներն են և դրանով փորձում են խուճապ առաջացնել և այլն: Եվ միայն երկու ժամ անց Սյունիքի մարզպետարանի էջում հայտնվեց լուր, որ քաղաքապետները ինքնագործունեությամբ չեն զբաղվել և ըստ էության՝ նրանց կոչը մնում է ուժի մեջ: Բայց այդ ամենը պետք էր անել համակարգված, սկզբում դա լիներ ավելի վերադաս մարմնի կոչ և հետո միայն դրան լծվեին ավելի ստորադաս մարմինները: Հակառակ պարագայում քաոսի տպավորություն է ստեղծվում:

Խուճապ և անկումային տրամադրություններ տարածողները պետք է ավելի խիստ վերաբերմունքի արժանանան, քան մի քանի հարյուր հազար դրամ տուգանվելը: Միայն այդպես է հնարավոր կանգնեցնել նրանց ավերիչ գործունեությունը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   781 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ