...

Ինչ կարող է անել Եվրոպան

Ինչ կարող է անել Եվրոպան

Ներկայումս ներքաղաքական դիսկուրսում դոմինանտ է դարձել այն տեսակետը, թե Եվրոպայի համակրանքը մեր կողմն է, բայց դե՝ ինչ անեն: Ինչպես արդեն 150 տարի է հայտնի՝ եվրոպական նավերը չեն կարող բարձրանալ Հայկական բարձրավանդակ:

Ադրբեջանաթուրքական ահաբեկչական կոալիցիայի հարձակմանը զուգահեռ այս օրերին տեղի է ունենում մի գործընթաց, որը լավագույնս է ցուցադրում, որ ցանկության դեպքում Եվրոպան շատ բան կարող է անել:

Ռուս մեկ ընդդիմադիր գործչի թունավորել են, նա չի մահացել և առաջիկայում էլ ավելի մեծ գլխացավանք կդառնա Կրեմլի համար: Բայց Եվրոպան այնպիսի միասնություն և հաստատակամություն ցուցաբերեց, որ կարելի է միայն նախանձել նման սկզբունքայնությանը:

Եվրոպան ոչ միայն ստիպեց Կրեմլին հանձնել Նավալնու բուժումը Գերմանիային, այլ նաև սանկցիոն մեծ պատրաստություններ է տեսնում Ռուսաստանի հանդեպ: Եվ առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնյաների՝ արգելելով նրանց մուտքը Եվրոպա և հետախուզում հայտարարելով նրանց շարժական և անշարժ գույքի նկատմամբ:

Ալիևը ոչ թե ենթադրյալ մեկ հոգու թունավորել է, այլ սպանում է երեխաների, գնդակահարում է գերիների, ռմբակոծում է մշակութային և կրոնական հաստատություններ: Էլի զորք մի ուղարկեք, էլի հումանիտար օգնություն մի տրամադրեք, բայց մարդկության դեմ հանցագործությունը կանխելու լծակներ ունեք:

Ալիևը, իսկ նրանից առաջ հայրը տարիներ շարունակ թալանել են բնական ռեսուրսներով հարուստ այդ երկիրը: Ալիևների և Փաշաևաների կլանները միլիարդավոր դոլարներ ունեն, և նրանց մի մասը գտնվում է Եվրոպայում:

Արգելանքներ դրեք, և ժամերի ընթացքում Իլհամը կդառնա շատ կոնստրուկտիվ անձնավորություն: Րոպե առաջ կհայտարարի, որ պատրաստ է սկսել բանակցությունները, միայն թե փրկի տարիներով կուտակված հարստությունը:

Ռազմական հանցագործություններն ակներև են, Եվրոպա մուտքի արգելք դրեք ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների և թուրքական ինստրուկտորների վրա, որոնք այս օրերին դրոններով հարվածում են խաղաղ բնակչությանը:

Մի խոսքով՝ այնքան էլ իմպոտենտ չեք, որքան ցանկանում եք ձևացնել:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   834 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ