«Ես Սուրեն Պապիկյանին համարում եմ Փաշինյանի թիմի ամենաադեկվատ մարդը. ես իմ այդ գնահատականում չեմ սխալվել, եթե կգտնեք այդ թիմում Պապիկյանից ավելի ադեկվատ մեկին, այն ժամանակ ինձ կմեղադրեք»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Սրանից ամիսներ առաջ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին հարցն ուղղելուց հետո հավելեց․ «Պարզ հարցիս հստակ պատասխան եմ ակնկալում պաշտպանության պարկեշտ նախարարից»։ Պապիկյանն էլ պատասխանելուց առաջ շնորհակալություն հայտնեց «ջերմ խոսքերի համար»։
Մովսես Հակոբյանի հետ մի բան այն չէ։ Մարդը և՛ ադեկվատ է բնորոշում Պապիկյանին, և՛ նրա օրոք մշակվող «Պաշտպանության մասին» օրենքում Կառավարության կատարած փոփոխությունն այնպես է քննադատում, ասես այդ փոփոխության հետ բոլորը կապ ունեն, բացի Պապիկյանից։ Գեներալն ասում է, որ այս փոփոխությամբ էլ պատերազմների ժամանակ մենք դարձյալ ունենալու ենք մեղավորներ, բայց ոչ պատասխանատուներ։ Բա էլ սրա ադեկվատը ո՞րն է։
Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանին, ապա անգամ ՔՊ-ականները Պապիկյանին նման որակումներ չեն տալիս իրենց հարցադրումներից առաջ։ Մինչդեռ «թույն» ընդդիմադիր ընկեր Աղվանը, որի կուսակցությունն ու խորհրդարանական խմբակցությունը իշխանություններին մեղադրում են «մեր հայրենիքը թուրքին տալու մեջ», այդ նույն իշխանության առանցքային, երկրի շարունակական հանձնման հետ ի պաշտոնե առնչություն ունեցող Պապիկյանին որակում է պարկեշտ։ Լրիվ հանելուկ է։
Գոհար Վեզիրյան