Նմուշներ աշխարհի խոհանոցներից
Այս խորագիրը ձեզ կներկայացնի տարբեր ազգերի խոհանոցների կերակրատեսակներ: Մենք ընտրել ենք հատուկ այն ուտեստները, որոնց մթերքները
1. հասանելի են ու մատչելի,
2. հեշտ է պատրաստելը,
3. համեղ են եւ գեղեցիկ,
4. հնարավորություն են տալիս թարմացնել ձեր ճաշացանկը նոր համերով ու գեղեցկացնել ընտանեկան երեկոները:
Սխտորով լցոնած ճուտ
Ֆրանսիան լավ միս ու թռչնամիս գնահատողների ու դրանց սիրահարների երկիր է: Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիական խոհանոցի ուտեստներից մեկը` սխտորով լցոնած ճուտ, որը պատրաստելը շատ հեշտ է, ուտեստի բաղադրիչներն էլ` հասանելի բոլորիս:
Արդեն պատրաստի ճուտը սեղանին մատուցելիս այն կարող եք ներկայացնել որպես «Ձոն երիտասարդությանը»: Ի դեպ, ուրցը ֆրանսիացիները որպես համեմունք օգտագործում են նույնքան հաճախ, որքան սեւ պղպեղն ու մանանեխը:
Բաղադրիչները
- 6 բաժնի համար
- 1 ճուտ - 1,5-1,8 կգ
- 3 կտոր սպիտակ, չոր հաց
- 4-5 ուրցի տերեւ
- 8-10 պճեղ սխտոր
- 2-3 ճ.գ. կարագ
- ձիթապտղի յուղ
- աղ
- աղացած սեւ պղպեղ
Պատրաստման եղանակը
Պատրաստման ժամանակը` 40-50 րոպե:
1. Ուրցի ցողունները հեռացրեք, տերեւները մանրացրեք: Մի քանի պճեղ սխտոր առանձնացրեք:
2. Ճզմեք ուրցն ու մնացած սխտորը, խառնեք կարագի հետ:
3. Չորացրած հացի վրա քսեք մի կողմ դրված սխտորը: Հացը մի քանի փոքր կտորների բաժանեք:
4. Ճուտը ներսից աղով ու սեւ պղպեղով պատեք, լցոնեք կարագով ու հացով:
5. Ճտի վրա դրսից էլ աղ ու պղպեղ ցանեք: Կապեք ճտի թեւերն ու ոտքերը, եւ կուրծքը վերեւ դիրքով 10 րոպեով տեղադրեք 200օC ջեռոցի մեջ:
6. 10 րոպե հետո իջեցրեք ջեռոցի ջերմաստիճանը 180օC-ի եւ եւս 35-40 րոպե տապակեք` ժամանակ առ ժամանակ նրա վրա ձիթապտղի ձեթ կամ հենց ճտից դուրս եկած ճարպը քսելով:
7. Մատուցեք տաք վիճակում:
Որպես խավարտ կարող եք մատուցել հազարի տերեւներ կամ ճտի ներսում եփված հացը: