Երկիրը, որտեղ ամենից շատ են սիրում այծի պանիրը, երևի թե Ֆրանսիան է: Տապակած դդմիկներով ու այծի պանրից միջուկով «բուրգիկները» կամ «կիսալուսինները» մրգային բույրով սպիտակ գինու հետ մատուցելու հրաշալի նախուտեստ են:
Ուտեստն սկսեք պատրաստել մատուցելուց 4 ժամ առաջ:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 4 փոքր դդմիկ
- 350-400 գ այծի պանիր
- 1 պճեղ սխտոր
- 2-3 հատ կանաչ սոխ
- մի քանի ճյուղ անանուխ, համեմ և փշաքեղ (кервель)
- ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կտրտեք կանաչ սոխը, մաքրած սխտորն ու կանաչին: Տրորեք այծի պանիրը, խառնեք սխտորի, սոխի ու կանաչիների հետ, աղ ու պղպեղ արեք:
- Դդմիկները շատ բարակ շերտերով երկարությամբ կտրատեք, չորացրեք անձեռոցիկով, փոքր քանակությամբ ձեթով տապակեք միջին կրակի վրա մինչև փափկելը՝ 2 րոպեից ոչ ավել:
- Դդմիկների տապակած շերտերը շարեք 4 ոչ մեծ կաղապարների մեջ այնպես, որ շերտերի միջև բաց տարածք չմնա: Դդմիկների շերտերի ծայրերը պետք է երկու կողմից կախվեն:
- Դդմիկների վրա լցրեք այծի պանրի խառնուրդը, մակերեսը հարթեցրեք և ծածկեք կողքից կախված շերտերով: Լավ սեղմեք, վրան թաղանթ քաշեք ու 4 ժամով տեղադրեք սառնարանում:
- Մատուցելուց մոտ 10 րոպե առաջ հանեք սառնարանից:
Խորհուրդ: Նախուտեստը մատուցեք լոլիկով կամ խորոված քաղցր պղպեղներով սոուսով ու ձիթապտուղներով:
«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020