...

Տարածաշրջանի ամենադավաճանված բանակը

Տարածաշրջանի ամենադավաճանված բանակը

Հայկական բանակի 30-ամյակը պետական մակարդակով գրեթե չի նշվում։ Պաշտոնական բացատրությունը՝ Նիկոլ Փաշինյանն ու մի քանի բարձրաստիճան զինվորականներ վարակվել են կորոնավիրուսով։ Կարելի է չկասկածել, որ հաջորդ անգամ «վարչապետի թեստի պատասխանը դրական է լինելու» ապրիլի 24-ի նախօրեին, որպեսզի հանկարծ հայ-թուրքական երկխոսությունը չվտանգվի, բայց սա այլ հարց է։ Այսօր հայկական բանակի 30-ամյակն է, և պետք է հանգիստ, առանց էմոցիաների հասկանալ, թե ինչ ճանապարհ ենք անցել այդ 30 տարում, ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչպես ենք հասել այսօրվա հանգրվանին։

44-օրյա պատերազմի նախօրեին հայկական զինուժը ժամանակակից սպառազինության մակարդակով էապես զիջում էր ադրբեջանական բանակին։ Դրա համար, իհարկե, կային օբյեկտիվ պատճառներ՝ Ադրբեջանը տնտեսապես անհամեմատ ավելի հզոր էր Հայաստանից։ Բայց կային նաև սուբյեկտիվ պատճառներ։ Մեր տնտեսությունն ու բանակը պարզապես թալանվում էին։ Եթե դա չլիներ՝ անգամ ավելի փոքր տնտեսական կարողությունների պարագայում մենք կարող էինք ունենալ շատ ավելի հզոր և ժամանակակից բանակ։ Ինչևէ։ Անցնենք «չոր փաստերին»։

44-օրյա պատերազմին հայկական կողմից գործնականում մասնակցել է բանակային 5 կորպուսներից միայն մեկը, որի պայմանական անվանումն է «ԼՂՀ Պաշտպանության բանակ»։ Ճիշտ է, դա 5 կորպուսներից ամենահզորն էր և կարող էր համարվել երկու կորպուս, բայց միևնույն է՝ այդ դեպքում էլ ստացվում է, որ 6 կորպուսներից միայն երկուսն են անմիջականորեն մասնակցել պատերազմին։ Պլյուս՝ կամավորական ջոկատները։

Հակառակորդի կողմից հայկական այդ երկու կորպուսների դեմ պատերազմին մասնակցել են․

1․ Ադրբեջանական բանակը՝ գրեթե ամբողջ կազմով,

2․ Թուրքական բանակը՝ զինվորական հրահանգիչներով, օդուժով, ԱԹՍ-ների կառավարման համակարգմամբ և, որոշ տեղեկությունների համաձայն, լեռնային հատուկջոկատայիններով,

3․ Իսրայելը՝ պատերազմի ընթացքում ռազմական չընդհատվող մատակարարումներով,

4․ Ռուսաստանը՝ առավելապես հայկական սպայակազմում առկա իր գործակալական ցանցով,

5․ Մի քանի հազար վարձկան ահաբեկիչներ, 

6․ ՀՀ իշխանությունների տարբեր օղակներում կասկածելի գործունեություն ծավալած մի շարք պաշտոնյաներ։

Ու նույնիսկ այս պայմաններում հայկական բանակի ընդամենը երկու կորպուս, կամավորական ջոկատների ու անհասկանալիորեն վատ կազմակերպված ՄՈԲ-ի օգնությամբ, գրեթե առանց ժամանակակից սպառազինության ամբողջ 44 օր դիմադրել են։ Հարցրեք ցանկացած երկրի (այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի) ցանկացած անկողմնակալ ռազմական փորձագետի, և հայկական բանակին տրված միակ անկեղծ գնահատականը կլինի զարմանքն ու հիացմունքը, որովհետև նման ֆանտաստիկ դիմադրողականություն որևէ մեկը չէր սպասում։ Բայց քանի որ պատերազմն ավարտված չէ (արդյունքները պայմանագրերով արձանագրված չեն), հիմա հաջորդ փուլն է ընթանում՝ բոլոր կողմերից ագրեսիվորեն քարոզվում է, թե վերջ, հայկական բանակի ողնաշարը ջարդված է, հայկական բանակ այլևս չկա ու դեռ երկար ժամանակ չի լինելու, և այլն։ Ընդ որում՝ այս քարոզչության առաջամարտիկները, Ադրբեջանից հետո, ՀՀ իշխանություններն են։

Թե ինչու էր ստացվել այնպես, որ տարածաշրջանի գրեթե բոլոր ուժային բևեռները համաձայնության էին եկել Հայաստանի պարտության հարցում՝ քաղաքական խնդիր է, և դրա պատասխանատուն մեր քաղաքական իշխանություններն են։ Այս մասին շատ է խոսվել։ Բայց այսօր բանակի օրն է։ Եվ այդ օրը բոլորս պարտավոր ենք նշել հպարտությամբ։ Ոչ թե որովհետև «լավ-վատ՝ մեր բանակն է», այլ որովհետև օբյեկտիվորեն ցանկացած պետություն ու հասարակություն կհպարտանար նման բանակով։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ