Ձեռնարկ Աշոտյանի համար
Երևանում կայացած ԵԱՏՄ նիստի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասածը, իհարկե, սպանիչ էր: Մարդը համարել էր, որ ԵԱՏՄ գագաթաժողովը կայացել է բացառապես Սերժ Սարգսյանի շնորհիվ:
Աշոտյանի հաջորդ միտքը ընդհանրապես ցինիզմի գագաթնակետն էր: Գրել էր. «Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռոհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին»:
Կողքից նայողը կասի՝ ամոթ է էլի, բա տեսնում ե՞ք, ինչքան լավ բաներ են արել Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչ գազամուղ ու էներգետիկ ծրագրեր են մեզ ժառանգել:
Այս թեման հնարավոր չէր շրջանցել. Աշոտյանին ու Քոչարյանի, Սերժ Սարգսյանի բոլոր դամ պահողներին պետք է հիշեցնել, թե իրականում այս զույգը իրենից հետո ինչպիսի գազաէներգետիկ համակարգ է ժառանգել մեզ: Որ փաստերը իրար հետևից շարում ես, մի հատ էլ դրա համար է պետք մարտի 1-ի պես դատավարություն սկսել:
Ժամանակագրական առումով ներկայացնենք, թե որը որից հետո է եղել, ինչ են արել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
Նախ, նշենք, որ 1998 թվականին, երբ Քոչարյանը Հայաստանում զավթեց իշխանությունը, գազաէներգետիկ համակարգի բոլոր օբյեկտները պատկանում էին Հայաստանի Հանրապետությանը. ատոմակայանը, հիդրոէլեկտրակայանները, ջերմաէլեկտրակայանները, բաշխիչ ցանցերը, գազախողովակաշարերը, ամեն ինչ: Իրենք ստացել են այդպիսի համակարգ:
Այսօր ոչ մեկը մերը չի: Հերթով գնանք, թե ինչպես ստացվեց.
05.11.2002. Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը և Սերժ Սարգսյանը ստորագրեցին «գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, ըստ որի՝ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը ՌԴ-ին է փոխանցում «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Նյութաբանության ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը։
Համաձայնագրով նախատեսվում էր, որ հայկական ձեռնարկությունները ռուսներին կփոխանցվեն մինչև 2003թ. մարտի 31-ը։ Առ այսօր Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն տվել այն հարցի պատասխանը, թե այդ պարտքը որտեղից գոյացավ: Մենք հանգիստ կարող ենք ասել. յուրացրել են:
25.12.2003. Բնական Մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ հակված չէ ընդունել այնպիսի որոշում, որը հետագայում ծանր վիճակի մեջ կդնի տնտեսությունը։ «Հայռուսգազարդ» ընկերության առաջարկած սակագներով ենթադրվում է. ամսական մինչև 10 հազ. խմ սպառողներից վարձավճարները գանձել 51 000 դրամ, իսկ 10 000 խմ ավելի սպառողներից 79,1 դրամով։
17.01.2004. Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքը։
11.03.2005. «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը Հայաստան ներկրվող գազի սակագնի թանկացումը քիչ հավանական համարեց։ Նա նաև գաղտնազերծեց «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալի որոշ մանրամասներ։ Կազմակերպության հիմնադիրները 45-ական տոկոսով ՀՀ կառավարությունն ու ռուսական «Գազպրոմն» են, և 10 տոկոսով՝ «Իտերա» միջազգային կազմակերպությունը։
30.11.2005. «Գազպրոմը» որոշեց բարձրացնել Հայաստան մտնող գազի սակագինը։ 2006թ. հունվարի 1-ից 1000 խմ գազի դիմաց Հայաստանը պետք է վճարի 110 դոլար` նախկին 56 դոլարի փոխարեն։ Այդ կապակցությամբ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց. «Այսօրվա դրությամբ նման հարց պաշտոնապես ռուսական կառավարության կամ «Գազպրոմի կողմից բարձրացված չի»։
13.12.2005. Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գևորգ Վարդանյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ Ռուսաստանը թանկացնի Հայաստան մտնող գազի սակագինը, կառավարությունը երբեք թույլ չի տա երկրի ներսում կտրուկ տատանում, «Հայռուսգազարդում» ունեցած բաժնեմասի հաշվին փուլայինի կվերածի թանկացումը։ Խոսելով Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մասին, որը 1500 մմ խողովակից դարձավ 700 մմ, նշեց. «Լավ գիտեք, որ Ռուսաստանը չէր ցանկանա` մենք ունենայինք այլընտրանքային խողովակ»։
16.12.2005. Սոչիի իր առանձնատանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց Ռոբերտ Քոչարյանին։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Գազմպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԱՕ ԵԷՍ ընկերության նախագահ Անատոլի Չուբայսը։ Հայկական կողմից դռնփակ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ինչպես նաև «Հայռուսգազարդի» նախագահ Կարեն Կարապետյանը։
06.04.2006. «Գազպրոմը» հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ կառավարության և «Գազպրոմի» միջև կնքվելու են պայմանագրեր` «գազային ոլորտի օբյեկտների» և Հրազդանի ՋԷԿ-ի 5 էներգաբլոկը ռուսական կողմին վաճառելու մասին պայմանագրեր։ Հաղորդագրության մեջ բառացիորեն նշված էր. «Հայաստանը «Գազպրոմին» է տալիս ոչ միայն 5-րդ բլոկը, այլև՝ կառուցվող 40 կմ Մեղրի-Քաջարանը և 192 կմ Հայաստան-Իրան գազամուղը։ Հաջորդ օրը «Գազպրոմի» կայքում հաստատվեց, որ ՀՀ-ն ՌԴ-ին է տվել նաև գազի ոլորտի այլ օբյեկտներ, որոնք կազմում են 82 տոկոսը։ Այսինքն՝ «Հայռուսգազարդի» 82-ի տոկոսը պատկանում է «Գազպրոմին», ինչը նշանակում էր, որ ՀՀ-ն վետոյի իրավունք չունի «Գազպրոմի» որոշումների նկատմամբ։ Օբյեկտների հանձնումը ռուսական կողմին պետք է տեղի ունենա մինչև 2007թ. հունվարի 1-ը։ Ըստ «Գազպրոմի»՝ ՀՀ-ն և «Գազպրոմը» կնքել են` 25 տարի ժամկետով համագործակցության պայմանագիր։ Այն ամրագրում է, որ Հայաստանին վաճառվող գազի սակագինը մինչև 2009թ. հունվարի 1-ը կազմելու է 110 ԱՄՆ դոլար` 1000 խորհանարդ մետրի դիմաց։
Կառավարությունը այս հաղորդագրությունը չմեկնաբանեց, իսկ «Հայռուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտարարեց, որ բանակցող կողմը կառավարությունն է եղել, և միայն այդ մարմինը կարող է հարցին որևէ պատասխան տալ։
27.10.2006. «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հավանություն տվեց «Հայռուսգազարդի» լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին, որի արդյունքում «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» բաժնեմասը 45%-ից կհասներ 58%-ի։ «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ Հայաստանի էներգետիկ ոլորտի 70-80 տոկոսը կուտակվում է մի երկրի ձեռքում, Իրան-Հայաստան գազատարն էլ է անցնում «Գազպրոմին», և Ռուսաստանը բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն ունենալով՝ կարող է ցանկացած պահի փակել Հայաստան մտնող բոլոր գազախողովակները, հայտարարեց. «Սեփականատերերի ազգը, գույնը կապ չունի, եթե պետությունը արդյունավետ կառավարում է ուզում, պետք է օտարի»։
05.02.2007. Այն հարցին, թե արդյո՞ք վերջնական է Իրան-Հայաստան գազատարը ռուսական կողմին հանձնելու պայմանավորվածությունը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Պայմանավորվածությունը ձեռք բերված չի, բանակցությունները գնում են. եթե նորմալ առաջարկ լինի, մեզ համար ընդունելի, մեզ համար ինչ-որ բան ավելացնելու հնարավորություն լինի, կընդունենք»։
21.03.2007. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատասխանելով այն հարցին, թե իրանական գազը որքանո՞վ կնպաստի մեր էներգետիկ անկախացմանը, երբ ՀՀ իշխանությունները հայ-իրանական գազամուղը նույնպես պատրաստվում են տրամադրել ՌԴ-ին, ասաց. «Հայ-իրանական գազամուղը դա հայ-իրանական նախագիծ է։ Դրա մեջ այլ մասնակցություններ չկան»։
20.09.2007. Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սեիդ Ռեզա Կազայիզադեն հայտարարեց, որ «Իրան-Հայաստան գազատարի խողովակաշարի կառուցման, տեղադրման աշխատանքները ավարտել են, և այժմ իրանական կողմը սպասում է «հայկական կողմի ազդանշանին` Հայաստան գազ առաքելու համար»։ Իրանը ակնկալում էր օրական 3 միլիոն խորանարդ մետր գազ առաքել Հայաստան։ Սրան ի պատասխան, ՀՀ Էներգետիկայի նախարարությունը հայտարարեց, որ «Լրացուցիչ գազի ծավալ այսօր Հայաստանին անհրաժեշտ չէ, և այդ պատճառով Հայաստանն առայժմ չի վերցնում իրանական գազը»։
17.04.2008. Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարությունը որոշեց մայիսի 1-ից դադարեցնել բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը։ Արդյունքում` ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 59 դրամի փոխարեն սկսեցին վճարել 84 դրամ։ «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ «Գազպրոմի» հետ նախատեսվում է քննարկել 3 տարվա կտրվածքով գազի սակագները։
19.05.2008. Սերժ Սարգսյանը հանդիպեց «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերի հետ, որի ընթացքում քննարկվեց գազի սակագնի և գնագոյացման հարցը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև 2011թ. գազի սակագնի փոփոխությունը համաձայնեցնել քայլ առ քայլ` հաշվի առնելով «Հայռուսգազարդում» «Գազպրոմ» ընկերության 72 տոկոս բաժնեմասը։
15.07.2008. «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը հաստատեց, որ «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի սակագնի բարձրացման վերաբերյալ, որը գործելու է 2009թ. հունվարի 1-ից։ «Գների թանկացում լինելու է, բայց բոլորի համար շատ հաճելի։ Դոտացիա չի լինելու, բայց գները լինելու են շատ մատչելի, հասկանալի և տրամաբանական»։
12.03.2009. «Հայռուսգազարդի» բաժնետեր «Իտերա Ինթերնեյշնլ Էներջի» ՍՊԸ-ն իրեն պատկանող բաժնետոմսերը, որը կազմում էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալի 4.45%-ը, վաճառեց «Հայռուսգազարդի» խոշոր բաժնետեր «Գազպրոմին»։ Այդպիսով, «Գազպրոմի» բաժնեմասը «Հայռուսգազարդում» հասավ 80 տոկոսի։
01.04.2009. Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների հաստատված թանկացումներն ուժի մեջ մտան։ Բնական գազի գինը 1000 խմ-ի համար 54 հազ. դրամից դարձավ 96 000 դրամ։ Իսկ 10.0 հազար և ավելի խմ գազ սպառողների համար 1000 խմ-ի գինը դարձավ 215 ԱՄՆ դոլար։
Էլեկտրաէներգիան դարձավ ցերեկային ժամերի համար 30 դրամ, իսկ գիշերվա համար` 1 կՎտ/ ժամը` 20 դրամ։
«Հայջրմուղկոյուղու» ենթակայության տակ գտնվող 37 քաղաքի և 200 գյուղի բնակիչների համար խմելու ջրի գինը 1 խմ-ի համար դարձավ 168,98 դրամ, նախկին` 115,65 դրամի փոխարեն։ Իսկ ջրահեռացման ծառայության 1 խմ-ի համար կվճարեն 28,35 դրամ, նախկին` 24,35-ի փոխարեն։
06.11.2009. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ 2010թ. գազի, էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն կլինի։ Ըստ այդմ, Ռուսաստանը Հայաստանին գազը 2010թ. ապրիլի 1-ից նոր սակագնով է վաճառելու. 154 դոլարի փոխարեն 180 դոլար՝ 1000 խմ դիմաց։
22.01.2010. «Հայռուսգազարդը» դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում գազամատակարարման սակագների վերանայման հայտերով։
Ընկերությունը առաջարկեց սպառողներին վաճառվող 1000 խմ. բնական գազի դիմաց գործող 96 000 դրամ սակագինը դարձնել 136 հազ. դրամ։ Այսինքն, մոտ 41%-ով բարձրացնել սովորական սպառողների համար գազի գինն այն դեպքում, երբ տարվա բյուջեով թոշակների, նպաստների,կամ աշխատավարձերի մասով ավելացում չէր եղել։
26.01.2010. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց «Հայռուսգազարդի» առաջարկը։ 1000 խմ գազի դիմաց վճարը 96 հազարից դարձավ 132 հազ. դրամ։
21.12.2010. ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ գազի գնի բարձրացումը ազդել է գազի սպառման ծավալների վրա։ «Նախնական տվյալներով սպառման ծավալների նվազումը 15-20 տոկոս է կազմում»։
29.09.2012. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի գինը փոխվելու է։
19.11.2012. Թեպետ հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ռուսական գազը չի թանկացել, և բանակցությունները նոր գնի շուրջ շարունակվում են, ՀՀ մաքսային պետական կոմիտեն պաշտոնական տվյալներ հրապարակեց, ըստ որի՝ գազը թանկացել է ավելի քան 1/3-րդով։
Ըստ այդմ, 2012թ. երրորդ եռամսյակից Հայաստանը սկսել է Ռուսաստանից բնական գազ գնել 35%-ով թանկ, քան նախորդ տարի։ Եվ եթե 2011թ. վերջին հազար խորանարդ մետր բնական գազը Հայաստանի սահմանին արժեր 180 դոլար, ապա 2012թ. աշնանը՝ 245 ԱՄՆ դոլար։
Այս փաստը թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Արմեն Մովսիսյանը չմեկնաբանեցին, իսկ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ հրապարակված տվյալները չեն կարող չհամապատասխանել իրականությանը։
14.05.2013. «Հայռուսգազարդը» դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում գազամատակարարման սակագների վերանայման հայտերով։
Ընկերությունը առաջարկեց սպառողներին վաճառվող 1000 խմ. բնական գազի դիմաց գործող 132 000 դրամ սակագինը դարձնել 221 հազ. դրամ։
23.05.2013. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա ձեռք բերվող գազի գնի վերաբերյալ, ինչը կկազմի 270 դոլար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ 1 կվտ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ։
19.06.2013. ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ չի կարող ասել, թե ինչու են որոշել «Հայռուսգազարդի»՝ Հայաստանի բաժին 20 տոկոսը հանձնել ռուսներին։ Նա հրաժարվեց նաև ասել, թե ում նախաձեռնությամբ է որոշվել «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը հանձնել «Գազպրոմին» և վստահեցրեց, որ Մաքսային միությանը միանալ-չմիանալու հարցը 20 տոկոսից հրաժարվելու հետ կապ չունի։
08.10.2013. ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ գազի գնի հետ կապված այն պայմանագիրը, որը վերջին օրերին շահարկվում էր, գոյություն ունի։ Պաշտոնապես գազի գինը հուլիսի 7-ից սահմանի վրա 1000 խմ համար 180 դոլարից դարձել էր 270 դոլար, սակայն կառավարության 30 տոկոս սուբսիդավորելուց հետո` սպառողներն այն ստանում էին 189 դոլարով։ Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ռուսական կողմը որոշել է սահմանի վրա ևս գազի գինը դարձնել 189 դոլար։
23.12.2013. ԱԺ-ն հաստատեց «Գազի պայմանագիրը», ըստ որի Հայաստանը «Գազպրոմին» վաճառեց «Հայռուսգազարդում» ունեցած իր վերջին բաժնեմասը և ռուսական ընկերությանը բացառիկ արտոնյալ և մոնոպոլ իրավունքներ տվեց, որոնք գործելու են մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը։
Պայմանագիրը ավելի շուտ կապիտուլյացիոն ակտ է հիշեցնում, դավաճանության հոդվածն այստեղ քիչ է: Պայմանագրում նշված է.
«Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի/ և կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի և/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում»։
Ահա սա է «հերոս» Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի 20 տարվա հերոսությունների հետևանքը. ամբողջ գազաէներգետիկ համակարգը, փուլ առ փուլ, մաս-մաս, նվիրվել ու հանձնվել է Ռուսաստանին՝ արանքում էլ իրենց գրպաններն են լցրել:
Մեկնումեկը այս հոդվածը թող տանի, աշոտյանների աչքը մտցնի, թող հիշեն՝ ով են իրենք եղել, ինչ են արել մեր հայրենիքի հետ: Մենք ամեն ինչ հիշում ենք: