Կարծիք կա, որ պրովանսյան փունջը հետևյալ չորացրած բույսերի խառնուրդն է՝ հազրեվարդ, ուրց, ռեհան, եղեսպակ, սուսամբար, անանուխ, խնկածաղիկ, ծոթրին, և որ այն օգտագործում են միայն Պրովանսում: Իրականում այս բույսերը բնորոշ են Ֆրանսիայի ողջ հարավին ու Իտալիային, պարզապես հաճախ օգտագործում են բույսերից 3-4-ը, որպեսզի համերը շատ չխառնվեն, տարբերակվեն:
Պրովանսյան փնջով տապակած ճագարի հետ սովորաբար տապակած կարտոֆիլ ու սառը վարդագույն գինի են մատուցում:
Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 7 ժամ առաջ:
Բաղադրիչները
- 1,3-1,5 կգ ճագար
- 6 պճեղ սխտոր
- 2 ճյուղ հազրեվարդ
- 3 ճյուղ ուրց
- 1 դափնու տերև
- 150-200 գ սպիտակ չոր գինի
- 1 թ.գ. մանանեխ
- 3-4 ճ.գ. ձիթապտղի յուղ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Ճագարը 8-10 մասի բաժանեք: Չորացրեք անձեռոցիկով:
- Հազրեվարդի և ուրցի ցողունները հեռացրեք, տերևները կտրատեք: Մաքրեք սխտորը, մանր կտրատեք:
- Էմալապատ թասի մեջ լցրեք ձիթապտղի յուղը, մանանեխը, մանրացրած սխտորն ու բույսերը: Ավելացրեք աղն ու աղացած սև պղպեղը: Լավ խառնեք:
- Ճագարի կտորները մտցրեք ստացված մարինադի մեջ: Ավելացրեք դափնու տերևը:
- Էմալապատ թասի մեջ լցրեք գինու կեսը, խառնեք, փակեք կափարիչով, նվազագույնը 6 ժամով տեղադրեք սառնարանում: Կարելի է սառնարանում թողնել նաև ողջ օրը:
- Ճագարի կտորները տեղադրեք խորը տապակի մեջ, վրան լցրեք մնացած գինին ու 40-50 րոպե տապակեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում՝ կտորները նվազագույնը 1-2 անգամ շրջելով: Առաջին 20-30 րոպեներին լավ կլինի, եթե միսը փայլաթիթեղով ծածկեք: Հետո փայլաթիթեղը հեռացրեք, որպեսզի միսը կարմրի:
- Տապակը հանեք ջեռոցից, ծածկեք փայլաթիթեղով, թողեք 7-10 րոպե:
Ուտեստը մատուցեք տաք վիճակում, տապակած կարտոֆիլի հետ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020