...

Փորձեք, շատ համեղ է. Աքաղաղը գինու մեջ

Փորձեք, շատ համեղ է. Աքաղաղը գինու մեջ

Ներկայացնում ենք ֆրանսիական խոհանոցից ևս մեկ կերակրատեսակ՝ աքաղաղը գինու մեջ: Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 1 օր առաջ:

Բաղադրիչները

  • 1 աքաղաղ, որը կարող եք փոխարինել 1,5 կգ ընդհանուր քաշով 1-2 ճուտով
  • 1/2 բաժակ կարմիր գինի
  • 6 կտոր սալ կամ յուղոտ բեկոն
  • 250-300 գ շամպինյոն
  • 12 փոքր գլուխ սոխ
  • 2-3 մեծ պճեղ սխտոր
  • 2 խոշոր գազար
  • 2 ճյուղ ուրց
  • 1 դափնու տերև
  • մաղադանոս՝ ձևավորման համար
  • աղ, աղացած սև պղպեղ, ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակը

  1. Աքաղաղը 8 մասի բաժանեք, տեղադրեք մեծ կաթսայի մեջ, վրան գինի լցրեք:
  2. Սոխը օղակաձև կտրատեք: Մաքրեք գազարը, 4 մասի բաժանեք: Կտրտած սոխն ու գազարը լցրեք գինով կաթսայի մեջ: Ուրցն ու դափնու տերևը թելով իրար կապեք, կրկին գցեք գինով ու աքաղաղով կաթսայի մեջ, 24 ժամով տեղադրեք սառնարանում:
  3. Հաջորդ օրը գինին ուրիշ կաթսայի մեջ լցրեք: Աքաղաղի կտորները չորացրեք անձեռոցիկով:
  4. Հաստ հատակով մեծ թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, աքաղաղի մասերը մինչև ոսկեգույն երանգ ստանալը բոլոր կողմերից տապակեք: 
  5. Աքաղաղի կտորները թավայից հանեք ու ափսեների մեջ դրեք: Նույն թավայի մեջ լցրեք մարինացված բանջարեղենն ու ճզմած սխտորը: 2-3 րոպե տապակեք:
  6. Կաթսայի մեջ դրեք աքաղաղի կտորները, բանջարեղենը, վրան լցրեք գինին, աղ ու սև պղպեղ արեք: Միջին կրակի վրա հասցրեք եռման աստիճանի, կրակը իջեցրեք, կիսաբաց կափարիչով եփեք 1,5-2 ժամ:
  7. Մաքրեք շամպինյոնները, հեռացրեք ոտքերը: Գլխիկները կտրատեք, փոքր քառակուսիների ձևով կտրատեք նաև բեկոնը կամ սալը: Բեկոնը շամպինյոնների հետ 10 րոպե տապակեք:
  8. Երբ աքաղաղն արդեն պատրաստ լինի, ավելացրեք շամպինյոններն ու բեկոնը: Մատուցելուց առաջ ուտեստի վրա մաղադանոս կտրատեք:

Խորհուրդ. Եթե աքաղաղը մատուցման օրն եք պատրաստում, կարող եք նրա վրա ¼ բաժակ կոնյակ կամ բրենդի լցնել: Արեք դա, երբ աքաղաղի կտորները դեռ տապակվում են, ու միանգամից այրեք ալկոհոլը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ