Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիական խոհանոցի հերթական ուտեստը՝ ճագարը ձիթապտուղներով, որը հրաշալի է տոնին հյուրասիրելու համար: Եթե հյուրեր շատ եք ունենալու, միանգամից 2 ճագար պատրաստեք, քանի որ դրանց վրայի միսը քիչ է:
Բաղադրիչները
4-6 հոգու համար
- 1,5-2 կգ կշիռ ունեցող 1 եփած ճագար
- 300 գ ձիթապտուղ (կորիզներով)
- 150 գ ապխտած բեկոն
- 2 միջին չափի սպիտակ գլուխ սոխ
- 3 պճեղ սխտոր
- կանաչիների փունջ
- 2 պտղունց ուրցի չորացրած ծաղիկների փշրանք՝ ըստ ցանկության
- 300 մլ սպիտակ չոր գինի
- 1 փոքր բաժակ կոնյակ
- 1 ճ.գ. ալյուր
- ձիթապտղի ձեթ, աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխն ու բեկոնը բարակ կտրատեք: Ոչ մեծ թավայի մեջ տաքացրեք ձեթը, տեղադրեք սոխն ու բեկոնը, միջին ուժգնության կրակի վրա տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտավորապես 10 րոպե:
- Նախօրոք եփած ճագարը հավասար մասերի բաժանեք, առանձին հաստ հատակով թավայի մեջ ձեթ լցրեք, ուժեղ կրակի վրա տապակեք այն, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտ 7 րոպե:
- Ճագարին ավելացրեք սոխն ու բեկոնը, տապակեք ևս 10-15 րոպե:
- Ճագարի վրա լցրեք կոնյակը, այրեք այն: Երբ կոնյակն ամբողջությամբ այրվի, աղ ու պղպեղ արեք:
- Սպիտակ չոր գինուն 100 մլ սառը ջուր ավելացրեք, լցրեք ճագարի վրա: Ավելացրեք ձիթապտուղները, սխտորը, կանաչիների փունջն ու ուրցը: 40 րոպե պատրաստեք թույլ կրակի վրա: Ժամանակ առ ժամանակ շուռ տվեք ճագարի կտորները:
- Որպեսզի սոուսը խտանա, 1 գդալ ջրի հետ խառնեք ալյուրն ու լցրեք թավայի մեջ, պատրաստեք ևս 5 րոպե:
- Պատրաստի ուտեստը մատուցեք տաք վիճակում:
Խորհուրդ 1. Ճագարի կտորները մատուցեք՝ վրան սոուս ու կտրտած մաղադանոս լցնելով: Որպես խավարտ այս ուտեստին հարմար է մակարոնը:
Խորհուրդ 2. Կանաչիների փունջ ասելով՝ նկատի ունեցեք 3 ճյուղ ուրց, մի քանի ճյուղ մաղադանոս, 1 դափնու տերև:
«Չորրորդ իշխանություն», 12, 2019