Այսօր «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, անդրադառնալով հեղափոխությունից հետո տրվող պարգևավճարներին, ասել է. «Այդ գումարով ոչ միայն հնարավոր կլիներ մարզային ծննդատները զինել անհրաժեշտ տեխնիկայով, այլև կարելի էր ներգրավել նոր մասնագետների»:
Հիշո՞ւմ եք, որ Զարուհի Փոստանջյանը 2018-ի գարնանը հեղափոխության օրերին ցանկանում էր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հարթակ բարձրանալ և ելույթ ունենալ: Հեղափոխականները նրան խոսելու հնարավորություն չտվեցին:
Դա ճակատագրական պահ էր. եթե թողնեին, հիմա Փոստանջյանի զինակից Մարինա Խաչատրյանը «Իմ քայլը» դաշինքի կազմում խորհրդարանում կարող էր պահանջել Ռոբերտ Քոչարյանին հրապարակավ «սամոսուդ» անել, պարգևավճարների դեմ խոսացողներին ազգի դավաճան համարել և այլն:
Բայց, ունենք այն, ինչ ունենք: Հիմա այս նախկին բժիշկը, իր խոսքերով՝ նյարդավիրաբույժը, խիստ ընդդիմադիր է:
Խորհրդային «Ունայնություն ունայնության» ֆիլմում մի դրվագ կա, երբ աղջիկը ծնողներին է ներկայացնում ընկերոջը և հայտնում, որ պատրաստվում են ամուսնանալ: «Եվ վաղո՞ւց եք ծանոթ»: «2 օր»,- պատասխանում է աղջիկը: «Դե, եթե վերածենք ժամերի, ապա այնքան էլ քիչ չէ»,- ծոր է տալիս հայրը:
Հիմա սրանք են, թե եթե պարգևավճարները չլինեին, մարզերում սա կանեինք, այսքան տեխնիկա կունենայինք, հազար հարց կլուծեինք: Էլ ինչի՞ եք այդքան «խուրդվում». թող այդ պաշտոնյաները նաև ընդհանրապես աշխատավարձ չստանան. այդ դեպքում խնայվող գումարներով յուրաքանչյուր բակում կարելի է ծննդատուն բացել, կամ 16 հատ Տ-90 տանկ գնել՝ իրենց անձնակազմով:
Բայց սրանց որ սպանես էլ, չեն ասի, որ Քոչարյանի և Սարգսյանի կլանների յուրացրած գումարները հետ բերես, հնարավոր կլինի մի հատ վերջին մոդելի ատոմակայան կառուցել, մի 10 հատ Սու-35՝ 5-հինգերորդ սերնդի կործանիչներ, բոլորի վարկերը մարել, բոլոր նորածինների համար ավտո առնել և այլն:
Չեն ասի. ոչ սա, ոչ հեղափոխության օրերին հարթակ բարձրանալու հնարավորությունից զրկվածները կամ «Իմ քայլով» խորհրդարան չմտած մնացած անբաշարները: Իմանալով հանդերձ, որ պարգևավճարները միշտ են եղել, Քոչարյանի օրոք էլ, Սերժ Սարգսյանի էլ: Ուղղակի վերջիններիս ժամանակ պաշտոնյաների համար այդ պարգևավճարները ընդամենը «սեմուշկա չրթելու» փող էին, իրենք պարգևավճարների հույսով չէին այդ պաշտոնները զբաղեցրել: Այդպիսի հայտնի անեկդոտ էլ կար այն ժամանակներում, երբ մեկին նախարար են նշանակում, գալիս է առաջին օրը գործի, ցույց են տալիս, ինչը՝ որն է, իր կաբինետը, ասում են՝ այստեղ էլ աշխատավարձը կգաք, կստանաք, զարմացած հարցնում է. «Ո՞նց, աշխատավարձ էլ ենք ստանալո՞ւ»:
Ախր 20 տարի ձեր աչքի առաջ պետությունը կերել են, հարյուր հազարավոր անգործ մարդկանց արտագաղթի մղել, Աղետի գոտին թողել անտեր, դարձել միլիարդատեր, ծպտուններդ որտե՞ղ էին: Թե՞ այդ միլիարդներից ձեզ էլ են մի քանի գրոշ շպրտել:
Հ.Գ. Եթե քոչարյանականներն այսքան լրատվամիջոց ու ֆեյք չպահեին, այդ փողերով Հայաստանի բոլոր կալանավայրերը հնարավոր կլիներ ծայրից ծայր վերանորոգել: