Միշիկական մեդիաները և հաստիքային ստատուսչիները վայնասուն են բարձրացրել՝ առողջապահության նախարարը չի ցանկանում կատարել դատարանի վճիռը և ներողություն խնդրել նախկին թիվ մեկ խնամուց՝ Արա Մինասյանից:
Ուշագրավ է, որ Թորոսյանից պահանջում են ներողություն խնդրել՝ չսպասելով օրինական ժամկետների սպառմանը, երբ նախարարը կարող է բողոքարկել Սերգո Երիցյանի որդու բստրած վճիռը: Ինչևէ, անկախ բողոքարկելուց կամ չբողոքարկելուց, Թորոսյանից պահանջում են ներողություն խնդրել մեկից, ով փախել է Հայաստանից և իր շատ բախտակիցների նման չի օգտվում թանկարժեք փաստաբաններից ու նախկինների կամակատար դատավորների ծառայություններից:
Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ Արա Մինասյանը գիտակցում է իր արարքների լրջությունը, հասկացել է ներկայացված մեղադրանքների ծանրությունը և կանխատեսում է՝ անգամ փաստաբանները և դատավորներն ի վիճակի չեն իրեն օգնելու: Հակառակ պարագայում նա օր առաջ կվերադառնար Հայաստան և վերոհիշյալ խմբերի օգնությամբ վաղուց մաքրված կլիներ մեղադրանքներից:
Եվ միգուցե այդ ժամանակ մի փոքր ավելի հիմնավոր կլիներ այսօրվա բղավողների պահանջը, թե Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրի Միքայել Մինասյանի հորից:
Այս երկու տարվա ընթացքում ականատեսը դարձանք բռնել-թողնելու բազմաթիվ ներկայացումներին, դատավորների ինքնաիրավչությանը, իշխանության անգործությանը դատական համակարգը կարգի բերելու առումով և այլն, բայց Արսեն Թորոսյանի Մինասյանից ներողություն խնդրելը բարոյական առումով կնշանակի հեղափոխության պարտություն ու ռևանշի հաղթանակ: Չի կարելի ընկրկել, պահել օրենքի ֆորմալ մասը և ներողություն խնդրել նրանցից, ում դեմ հեղափոխություն է արվել:
Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ հաստատում է, որ ի տարբերություն շատերի, հավատարիմ է հեղափոխության գաղափարներին և չի առաջնորդվելու նախկին ռեժիմի խաղի կանոններով:
Արիս Վաղարշակյան