«Դաշնակցական դառնալը հեշտ է, մնալն է դժվար, որովհետև շատ բաներ են պահանջվում, բարոյական, ազգային, հասարակական-քաղաքական կեցվածք պետք է ունենաս, անձնազոհություն պետք է ունենաս և գրեթե 100 տոկոսով պետք է ապրես անանձնական կյանքով»:
Սա հատված էր մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:
«ՉԻ». Տեսնես թվարկված որակներից հատկապես որ մեկի բացակայությունն է բերել, որ Դաշնակցությունից հեռացրել են Անդրանիկին և Նժդեհին: Մի տեսակ հայոց պատմությունը ահագին սրբագրելու կարիք կունենա, եթե պարզվի՝ անցած դարի առաջին կեսի երկու ամենամեծ հերոսները անհրաժեշտ քանակության անձնազոհություն չեն դրսևորել կամ չեն ունեցել համապատասխան բարոյական և ազգային կեցվածք:
Կարելի է միայն ենթադրել, թե ինչ բարոյական և ազգային կյանքով պետք է ապրես, որ Մարտի 1-ից հետո մնաս մի կուսակցությունում, որը կոալիցիա է կազմել ժողովրդին գնդակահարողների հետ:
Կարելի է միայն ենթադրել, թե ինչ չտեսնված հասարակական-քաղաքական կեցվածք են դրսևորել դաշնակցականները երիտթուրքերի հետ դաշինք կազմելիս:
Տեսնես ընտրակեղծիքներին մասնակից դառնալու համար բարոյական արժեքներ էլ են պահանջվում, թե միայն ազգայինը բավարար է:
Անանձնական կյանքն է ստիպել Հրանտ Մարգարյանին, Աղվան Վարդանյանին, Լևոն Մկրտչյանին և մյուսներին համագործակցել Քոչարյանի և Սարգսյանի հետ: Ոչ մի ուրիշ նյութական շահ չի եղել: «Վալեմ պլազաները» պարզապես բուռն ազգային կյանքով ապրելու ընթացքում գոնե մի տեղ գիշերելու միջոց են եղել:
Բացառիկ տաղանդ է պետք՝ 130 տարի ասես մի բան, բայց անես լրիվ հակառակը: