...

Վալերիյ Օսիպյանի ամոթանքը Վլ. Գասպարյանին տեղին էր

Վալերիյ Օսիպյանի ամոթանքը Վլ. Գասպարյանին տեղին էր

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձել է ՀՀ մեկ այլ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն արտահայտությանը, որ «Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո եկածները ևս կոմպլեքսավորված անձնավորություններ էին»:

Օսիպյանն ի պատասխան Վ. Գասպարյանի այս արտահայտության, ասել է. «Հարիր չեմ համարում լինելով գեներալ՝ արձագանքել մեկ այլ գեներալի, հատկապես, որ արձագանքը կարող է լինել բավականին անհամաչափ։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես գործել եմ բացառապես օրենքի և ինձ՝ որպես ոստիկանության պետի տրված լիազորությունների շրջանակներում։ Վստահ եմ՝ ժամանակն ու իրողությունները արդեն իսկ ցույց են տվել և դեռ ցույց կտան, որ ժամանակներում է այս կամ այն պաշտոնյան եղել կոմպլեքսավորված»:

«ՉԻ». Երբ Վլադիմիր Գասպարյանը կվադրոցիկլը քշեց լրագրողների վրա, մենք չզարմացանք: Դա լրիվ իր էությանը համապատասխան վարքագիծ էր: Երբ Վլադիմիր Գասպարյանը հայհոյեց և սպառնաց լրագրողներին, նորից չզարմացանք, քանի որ այդ մարդը առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում նման արարքով:

Իսկ որ Վլադիմիր Գասպարյանը քամահրանքով է խոսել իրեն փոխարինած ոստիկանապետերի մասին, ահա դա զարմացրեց: Որովհետև մարդ ինչքան էլ իրեն գժավարի պահի, ֆիքստուլություններ անի, դերասանական հմտություններով աչքի ընկնի, մի սահման կա, որ չեն անցնում: Դա կորպորատիվ էթիկայի սահմանն է: 

Իսկ գեներալի ուսադիրներ ունեցող Վ. Գասպարյանն այդ սահմանն անցել է: Մանավանդ ուժային կառույցներում էթիկայի այդ կանոնը անշեղորեն պետք է գործի: Այսինքն՝ գործընկերների մասին, թեկուզ՝ նախկին, նման ոճի արտահայտությունները խոսում են բացառապես խոսողի՝ էթիկական ցածր կուլտուրայի մասին: 

Այդ առումով Վալերիյ Օսիպյանի արձագանքը Վ. Գասպարյանի արտահայտություններին տեղավորվում է տարրական էթիկայի սահմաններում: Վալերիյ Օսիպյանը միգուցե վատ ոստիկանապետ էր, թույլ էր, կամազուրկ էր, բայց մենք չենք հիշում, որ նա Վ. Գասպարյանի կամ ոստիկանության այլ նախկին բարձրաստիճան գործընկերների հասցեին թթու կամ ծաղրական խոսք ասած լիներ: Թեպետ թթու խոսքի շատերն էին արժանի: Ու ճիշտ էր արել, որ բան չէր ասել: 

Ու հիմա էլ՝ պատասխանելով Վ. Գասպարյանին, Օսիպյանը փորձել է հնարավորինս կոռեկտ լինել: Եվ նման պատասխանը ամենամեծ ամոթանքն է Վ. Գասպարյանին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ