ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե «Լաչինի միջանցքի բացումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը», և դա պիտի լինի Հայաստանի և Արցախի իշխանությունների համատեղ «համարձակ որոշման արդյունք»։
Իմաստուն միտք է, իհարկե։ Միայն թե՝ ո՞վ կցանկանա կյանքի կոչել դա։ Չէ՞ որ Լաչինի միջանցքը մի անգամ արդեն բացվել է մեր նախաձեռնությամբ՝ 1992-ի մայիսի 18-ին, ու ոչ միայն բացվել է, այլև ճշգրիտ արտաքին քաղաքականության շնորհիվ հաջողվել է Ադրբեջանին պարտադրել այնպիսի փաստաթուղթ, ըստ որի՝ այդ միջանցքը պիտի հավերժ բաց մնար, բայց հետագայում այդ միջանցքը «մեր նախաձեռնությամբ բացողը» հռչակվել է պարտվողական ու համարյա ազգի դավաճան, Վարդան Օսկանյանն էլ հաճույքով կանգնել է հռչակողների կողքին, ձայնակցել նրանց ու նրանց օրոք տասը տարի շարունակ զբաղեցրել արտգործնախարարի պաշտոնը։ Հիմա որպես ի՞նչ է նոր պոտենցիալ «պարտվողականներ» ու «ազգի դավաճաններ» փնտրում։
Ինչ վերաբերում է «համարձակ որոշմանը», ապա հետաքրքիր է՝ Վարդան Օսկանյանն ու շատից-քչից մտածելու ընդունակ փոքրաթիվ նախկին պաշտոնյաները բավարար համարձակություն կունենա՞ն հրապարակավ ընդունել, որ 1998-ի փետրվարին իրենք այնուամենայնիվ սխալ էին։ Թե՞ համարձակություն պետք է պահանջել միայն ուրիշներից։