...

Վազգեն Մանուկյանի ողբերգությունը

Վազգեն Մանուկյանի ողբերգությունը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Իր հայտարարության մեջ նա նշել է, որ Հանրային խորհրդում իր գործունեությունը համարում է անիմաստ և դուրս է գալիս խորհրդից:

«Իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է: 

Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել:

Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը:

Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում», նշված է հայտարարության մեջ:  

1991 թվականի սեպտեմբերին Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, երբ հասկացավ, որ իր գործունեությունը անիմաստ է և ՀՀ առաջին նախագահ դառնալու երազանքը՝ անիրականալի: Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորդ գիտեք. Վազգեն Մանուկյանը դարձավ Լ. Տեր-Պետրոսյանի և նրա քաղաքական թիմի անհաշտ հակառակորդը: Տարիներ շարունակ նա 1990-ականների իշխանության դեմ պայքարում ատելության, թշնամանքի, ուրացողության, էթիկայի սահմանները չճանաչող այնպիսի մեթոդներ ներդրեց, որ դրանց հետևանքներն առ այսօր իրենց զգացնել են տալիս:

Եսասիրության, փառամոլության և ինքնասիրահարվածության բացառիկ սիմբիոզը Վազգեն Մանուկյանին այդպես էլ թույլ չտվեց կայանալ որպես պետական գործիչ, որի գլխավոր նպատակը պետք է լիներ ժողովրդի շահը, կառուցողական մոտեցում որդեգրեր հասարակության բոլոր խավերի հանդեպ, իր համոզմունքներում լիներ սկզբունքային և ճշմարտության հետևորդ: 

Եթե ի մի բերենք Վ. Մանուկյանի անցած ճանապարհը, ապա դրա մեծ մասը կուլիսների ետևում է անցել: Իր անձը նշանակալի դարձնելու համար պերմանենտ պայմանավորվածություններ ձեռք բերել օրվա իշխանությունների հետ. այստեղ նրան հավասարը չկա: Լինի դա 1998թ. նախագահական ընտրությունները, 2008թ. մարտի 1-ը, նա կանգնած էր վարագույրի ետևում: 

2008 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հաջողվեց արյան գնով պահպանել իշխանությունը, Վազգեն Մանուկյանը բացառիկ շանս ուներ կանգնել ժողովրդի կողքին, լինել արդարության և ազատության համար պայքարի ավանգարդում... փոխարենը կանգնեց Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողքին: 2018թ. թավշյա հեղափոխության ժամանակ էլ ուներ այդ շանսը, բայց նա իրեն համարում էր չափազանց բարձր դիրքերի վրա կանգնած, որպեսզի իջներ ժողովրդի մոտ: 

Այնպես որ, նրա գործունեությունը բացարձակապես անիմաստ էր ոչ թե հիմա, երբ հրաժարական է տալիս մի պաշտոնից, որը նվեր էր ստացել Սերժ Սարգսյանից, այլ երբ 2008-ին մեջքով շրջվեց դեպի ժողովուրդը: Ինչ գործունեություն էլ հիմա իրականացնի, հետագայում ինչ պաշտոն էլ ստանա, ցավոք սրտի, նրա քաղաքական անցյալն ու ներկան դա անիմաստ են դարձնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ