«Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը, անդադառնալով իր և ևս երեք նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը, ասել է. «Այդ որոշումը սև բիծ է մեր պետության ու ժողովրդի համար, և կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար»:
«ՉԻ». Մի հատ անեկդոտ հիշեցինք. մի տարեց կին մահամերձ է, պառկած է անկողնում, տնեցիք հավաքվել են, բարեկամ, ազգական, հարևան: Բոլորը տխուր են, մի քանիսը լաց են լինում, մեկ էլ էս կնիկը ամուսնուն ձեն է տալիս: «Ասա, Հարփենիկ ջան, ի՞նչ ես ուզում»: Կինը մի կերպ աչքերը բացում է ու ասում. «Սիրտս ձնծաղիկ է ուզում»: Մարդը պլշում է. «Կնիկ ջան, ես որտեղի՞ց քեզ հիմա ձնծաղիկ բերեմ, ախր դեկտեմբեր ամիսն է»: Կին համառում է՝ չէ որ չէ, գնա ձնծաղիկ բեր: Մարդն ասում է՝ այնպիսի բան ուզի, որ կա, վազելով կգնամ կբերեմ, կճարեմ, բայց ոչ ձնծաղիկ: Կինը մնում է անդրդվելի:
Ամուսինը էլ չի դիմանում ու դիմում է տանը հավաքվածներին. «Ա՛, ժողովուրդ, դե հիմա դուք ասեք, բա սա մեռնելու ապրանք չի՞»:
Վազգեն Մանուկյանը էս Հարփենիկին տվեց, անցավ: Քաղաքական դաշտում նա վաղուց մահամերձ է, տեղ-տեղ՝ քաղաքական դիակ, ու մի հատ էլ սիրտը Ռոբերտ Քոչարյան է ուզում:
2008թ. նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը 1,3% ձայն է ստացել, հիմա իր վարկանիշը մի հատ կլորիկ 0 է: Զրո: Անընդհատ պրպրտում է, բզբզում է, դես ու դեն է գնում, քաղաքական դաշտը փորձում է պղտորել, խոսում է, իրեն պատեպատ է տալիս, որ գոնե 0,1 տոկոսի հասցնի իր հեղինակությունը, չի ստացվում: Փոխանակ դրանից ամաչի, որ իր գործունեությամբ հասել է նրան, որ արժանացել է ժողովրդի բացարձակ քամահրանքին, մի բան էլ ինքն է հասարակությանը ամոթանք տալիս: Ինչպես իր սիրելի Քոչարյանն էր ժամանակին ասել. «Чья бы корова мычала...»:
Ու եթե ուզում եք իմանալ, Ռոբերտ Քոչարյանն ու հատկապես Վազգեն Մանուկյանն են սև բիծ մեր պետության ու ժողովրդի համար, որի համար մենք հիմա ենք ամաչում, ուր մնաց՝ մեր սերունդները: