...

Վազգեն Մանուկյանը Նիկոլի «դաբրոն» ունի

Վազգեն Մանուկյանը Նիկոլի «դաբրոն» ունի

Այն բանից հետո, երբ երեկ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ խորհրդարանի դեմ հարձակման նոր արշավ սկսվեց, փակվեց նաև Դեմիրճյան փողոցը, բախումներ եղան ոստիկանության հետ, համացանցում շատերը նորից այդ հարցն էին տալիս. ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը վերացնելու խոստացած թավիշը, երբ է ցրելու այդ զանգվածին Բաղրամյան պողոտայից, ճանապարհները բացելու: Շատ-շատերն են դժգոհում, որ այս պիկետների պատճառով քաղաքային երթևեկությունը կաթվածահար է եղել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը չի ցրում, որովհետև չի կարող: Մի շատ կարևոր պատճառ կա, որը հիմա նորից իրեն հիշեցնում ենք. ինքը Վազգեն Մանուկյանից ներողություն է խնդրել 1996-ի համար: 2019-ի մարտի 1-ին Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց՝ նշելով. «Վազգեն Մանուկյանը ՀՀ-ում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ է»: 

Ու մենք այն ժամանակ զգուշացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը շատ է փոշմանելու իր այս խոսքերի համար: Որովհետև ինքը լեգիտիմացրեց խորհրդարան գրավելու, խորհրդարանի ղեկավարներին ծեծելու, ջարդելու գործողությունները: Ու հիմա տեսնում եք, թե Վազգեն Մանուկյանն ինչ է անում: Նույնը, ինչ 1996-ին: Ու եթե 96-ի բռնությունների համար նա ոչ միայն չի դատապարտվում, այլև մի բան էլ նրանից ներողություն են խնդրում, նշանակում է, որ այսօր Վազգեն Մանուկյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունը զավթելու, երկրի ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելու կամ ջարդելու կոչերի, գործողությունների բարաթը Նիկոլ Փաշինյանն է տվել: Դրա համար էլ չի կարողանում ձայն հանել: 

Մինչև Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի՝ Վազգեն Մանուկյանից ներողություն խնդրելու համար, մինչև Բաբկեն Արարքցյանից ու Արա Սահակյանից ներողություն չխնդրի, այս վիճակը մնալու է անփոփոխ: 

Ամենաապշեցուցիչն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե  Վազգեն Մանուկյանն ինչի է ընդունակ: Նույնիսկ գիտի, որ այն քայլերը, որ հիմա իրականացնում է ազգափրկիչը, դրանք բոլորը Վազգեն Մանուկյանի «Mein Kampf»- «Իմ պայքարը» վերնագրով ձեռագիր գրության մեջ հատ-հատ նշված են: Այն գրության, որը առգրավվել էր 1996թ․ սեպտեմբերի 27-ին, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության խուզարկության ժամանակ։ Ու որը Նիկոլ Փաշինյանը տպագրել էր իր «Հայկական ժամանակում», ու որի համար Վազգեն Մանուկյանը նրան դատի էր տվել: 

Հիմա մենք որոշ հատվածներ նորից ներկայացնենք, թե 1996-ին Վազգեն Մանուկյանն իր «Մայն Կամպֆում» ինչ պլաններ, ինչ ծրագրեր է մտահղացել՝ իշխանությունը զավթելու նպատակով: Կարդացեք ու համոզվեք. այն, ինչ չստացվեց 1996-ին, հիմա է փորձում անել:

«Ունենալ մեկին, որը պետք է օժտված լինի զարմանալի պետական, իրավագիտական ընդունակություններով: Ունենա խելացի ու ջանադիր աստիճանավորի հատկություններ, մարդկային հոգեբանության գիտնականի հատկանիշներ, մարդ, որը կարողանա գտնել յուրաքանչյուր երևույթի ու դրված խնդրի լուծման բանալին, կարողանա պարզել ամենածածուկ, ամենամութ մարդու բոլոր խորագաղտնիքները, որը իր ձեռքում կուտակի բավականին օգտակար նյութեր՝ տեղեկանք ամեն մեկի մասին, ով էլ որ հանդիպի նրա ճանապարհին: Այդ մարդը պետք է լինի ԱԺՄ-ի և հատկապես Վազգեն Մանուկյանի խորհրդատուն` անկեղծորեն ծառայելով այդ կազմակերպությանն ու արդարության գաղափարին: Նա պետք է կարողանա ճարպկորեն ձեռք գցել ուրիշների գաղտնագրերն ու նամակները, ունենա նրանց գաղտնի մտադրությունները կռահելու և իմանալու, փակ դռների ետևն թափանցելու ընդունակություն և այդ բոլորի հետ միասին՝ անձնական նվիրվածություն: Նման մարդը ունենալու է իր գործակալները, որոնք կարողանան թափանցել ամենուր և ի մի հավաքել այն ամենը, ինչը անհրաժեշտ է: Գործակալներ ունենալ առաջին հերթին հենց՝ Լ.-ի (Լևոնի), Բ.-ի (Բաբկենի), Հ.Բ.-ի (Հրանտ Բագրատյանի), Վ.Ս.-ի (Վազգեն Սարգսյանի), Ս.Ս.-ի (Սերժ Սարգսյանի), Վ. Ս.-ի (Վանո Սիրադեղյանի) և այլոց մոտ: Նրա աչքից չպիտի վրիպի ոչ մի դավադրություն, ոչ մի գաղտնի հանդիպում (բանակցություն)` սկսած պետական մեծ ու միջին պաշտոնյաներից մինչև ամենաշարքային պաշտոնյա և շուկայական մանր ու մեծ շեֆերի սարքած անկարգություններ: Մի խոսքով՝ աչքեր ու ականջներ՝ ամենուր:  Նա պետք է վարձատրվի»:

«Եթե Հանրապետության Նախագահը ունի գաղտնի պայմանագրեր, խոսակցություններ, որոնք հակադրվում են մեր ազգային ու պետական շահերին, հայտնաբերել այդպիսիք և հրապարակել ԱԺ-ի թեկուզ փակ նիստերում, եթե կարելի է, նաև մամուլում և հանրահավաքներում»:

ա) «Ազգային ժողովի կրքոտ վեճերի պահերին նետել նրանց գաղտնիքը հայտնաբերող ֆրազներ՝ այնքան համոզվածությամբ, որ շփոթ ու վախ ներարկի նրանց մեջ, առաջացնի կասկածանքներ: Նման ֆրազներով ջլատելով նրանց միասնությունը: Ընդդիմությունը կվաստակի «բարեկամներ», որոնք կփորձեն ընկնել ընդդիմության հովանավորության տակ: Իսկ այդպիսիք արդեն գործիք են: Եթե նետված ֆրազներից նրանց միջև կայանա հայացքների թեկուզ լուռ փոխանակում, նշանակում է` հարվածը ճիշտ էր և հասել է իր նպատակին, նշանակում է՝ այն պետք է աստիճանաբար զարգացնել` գործի դնելով գաղափարական տակտիկական զենքը»:

բ) «Ստեղծել հակադրություն Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի միջև: Թող որ ՀՀՇ-ի, «Հանրապետություն» բլոկի կողմից հարձակումները շատ լինեն ընդդիմության դեմ, վախենալու ոչինչ չկա»:

գ) «Առաջարկել Ազգային ժողովում ստեղծել մի խորհուրդ կամ նման մի բան, որի ֆունկցիան լինի հատուկ հարցերի քննարկումը (ուզում է ասել՝ որի ֆունկցիան լինի միայն հարցերի քննարկումը-հեղ.), որոշումների նախապատրաստումը, հետագայում, ընդլայնված նիստում քննարկելու պատրվակով: Դա կլինի մի օղակ, որը սեպ կխրի հենց իրենց՝ «Հանրապետություն» բլոկի անդամների մեջ (նման դեպքերում ընդդիմությունը կլինի ձեռնպահի դիրքում)»:

դ) «Կատարել առաջարկներ, որը գրգռի նրանց նյարդերը, դուրս բերի ափերից, ընդհուպ միմյանց նկատմամբ տուրուդմբոց (հատկապես դա հեշտ է, քանի որ նրանց կապում է շահը)»:

ե) «Բ.-ի (Բաբկենի), Վ.-ի (Վազգենի), Հ.-ի (Հրանտի), Վ.Ս.-ի (Վանո Սիրադեղյանի) կամ մեկ այլի խելքին հասցնել, որ ինքը արժանի է Հանրապետության նախագահի պոստին, և թող փորձի իր թեկնածությունը առաջադրել...»:

զ) «Գործի նկատմամբ չպետք է լինի անտարբերության նշույլն անգամ, քանի որ անտարբերության ու ծուլության դեմ պայքարի ոչ մի զենք չկա: Փոխարենը՝ անտարբերության, ծուլության, երերալու, անվճռականության հատկանիշներ առաջացնել նրանց մեջ: Թերևս դա պայքարի լավագույն զենքերից մեկը կլինի»:

է) «Պայքարի թատերաբեմ բարձրացած անհատ լինի թե կուսակցություն, անգամ հասարակություն, եթե սկսի մտածել իր հնարավոր վտանգի մասին, ապա օգտակար ոչինչ չի անի: Ուրեմն բոլորս դեպի ակտիվ պայքար` արհամարհելով ամեն մի ենթադրյալ վտանգ (հաշվի չառնել ոչ մի վտանգ)… Կարելի է կիրառել հակառակորդին մաս-մաս անելով ծնկի բերելու տակտիկան, այն է՝ ԱԺ-ում ստեղծել խմբակցություններ և նրանց հանել միմյանց դեմ և ջախջախել առանձին-առանձին»:

Ու սրա համար Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում ազգափրկիչին: Դե, հիմա ստացի´ր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   947 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ