...

Վլադիմիր Գասպարյանի երազը

Վլադիմիր Գասպարյանի երազը

Վաղ առավոտ է: Իր դղյակում նստած՝ օրվա անելիքներն է պլանավորում: Դե, կիրակի է, պիտի գնա պատարագի: Նստում է իր կվադրոցիկլը, մի կես ժամ անց հասնում է սեփական եկեղեցի: Չորս անգամ խաչակնքվում է՝ իր գեներալական աստղերի քանակով ու մտնում եկեղեցին: Այնտեղ պատարագ է մատուցում Սևանի լողափնյա թեմի առաջնորդ, Տեր Ապաշնորհ Լ.Լ. Երանոսյանը

«Աստուած քեզ ազատէ, կ’ըսէ, ամէն տեսակի մեղքէ ու փորձանքէ, ապաշխարելու ու բարեգործութիւններ կատարելու ժամանակ տայ, ու ձեր բոլոր յառաջիկայ կեանքը ուղիղ ճանապարհի վրայ դնէ Սուրբ Պագոններու շնորհքովը»,- ասում է Լ. Երանոսյանը՝ ձեռքը դնելով սուրբ Մաուզէրին:

Հոգին թեթևացած դուրս է գալիս, գնում սեփական լողավազան: Նստում է հիդրոցիկլը, մի ժամ-ժամուկես քշում, ու մարմինը թեթևացած, վերադառնում դղյակի 4-րդ կորպուս: Կորպուսի հրամանատարին կանչում է. «Էսօր իրիկունը ինչո՞վ ենք զբաղվելու»:

«Տեր իմ, հիմա շատ մոդայիկ է հայկական սաֆարին»,- պատասխանում է կորպուսի հրամանատարը:

«Էդ ո՞րն ա, լսած չկամ»: «Դե, սաֆարին է, բայց՝ հայկական առանձնահատկություններով»,- բացատրում է դղյակի զվարճանքների վարչության պետն ու մի թուղթ պարզում. «Հեսա, ստեղ ներկայացված է սաֆարիի ծրագիրն ու գնացուցակը»:

Ինքը վերցնում է թուղթն ու ծանոթանում գնացուցակին. 

Հայկական սաֆարի.

1.    Ընդդիմադիր ակտիվիստի քաշքշում (120 $),
2.    Ընդդիմադիր ակտիվիստի քաշքշում, ծեծ՝ աչքը կապտեցնելով (270 $),
3.    Լրագրողի ծեծ (450 $),
4.    Լրագրողի ծեծ՝ տեսախցիկի առգրավումով (630 $),
5.    «Ազատության» լրագրողի ծեծ՝ տեսախցիկի առգրավումով (750 $),
6.    «Ազատության» լրագրողի ծեծ՝ տեսախցիկի առգրավումով և կրակոցներով (850 $),
7.    «Ազատության» լրագրողի ծեծ՝ տեսախցիկի առգրավումով և վրաերթով (1200 $):
8.    Զենիթահրթիռային համալիրով դրոնի խոցում (12 000 $):

«Բա էս վերջինը ինչի՞ է սենց թանկ»,- զարմանում է ինքը: «Շեֆ ջան, բա դրոնը թանկ հաճույք է, դա ոչ մարդ է, ոչ էլ՝ լրագրող, բարդ տեխնիկա է»,- բացատրում է կորպուսի հրամանատարը:

«Պրոբլեմ չի, 3-ից 8-րդը վերցնում եմ»,- ասում է ինքը ու պատրաստվում սաֆարիին:

Կամուֆլյաժը հագնում է, պատրոնդաշը կապում, ԱԿՄ-ը ուսին գցում, դուրս գալիս բակ: Սաֆարի կազմակերպող ընկերության ներկայացուցիչը մոտենում է, բացատրում, որը որից հետո է, ու տեղեկացնում. «Իմիջիայլոց, որպես մեր ծառայություններից մշտապես օգտվող հաճախորդ, ձեզ անվճար տրվում է մեկ փաստաբան»:

Ֆսյո, սաղ պատրաստ է, կվադրոցիկլը խոդի է տալիս, փաստաբանին կողքի կալյասկին է նստեցնում ու սկսվում է սաֆարին: Լրագրողներին բաց են թողնում, ինքն ընկնում է հետևներից: Լրագրողները տարբեր ուղղություններով փախչում են, բայց ինքը մեկին տոչկում է ու դուզ վրեն է գազ տալիս: Հասնում, վրայով անցնում է. «Ես Վովանն եմ, Վովանը, վըննն, վըն-վըննն»,- հաղթական բացականչում է ինքը: Փաստաբանը կողքից բարձրախոսով հայտարարում է. «Ամեն ինչ օրենքի սահմաններում է, Սահմանադրությամբ ամրագրված է անձնական կայֆի իրավունքը»:

Ընկնում է հաջորդ լրագրողի հետևից: Բայց էս մեկը շատ շուստրի է գտնվում: Անընդհատ թռչկոտելով խուսափում է վրաերթից: Ինքը ավտոմատը վերցնում, սկսում է կրակել վրան. «Գյուլլեմ, թափեմ, փրթեմ, իմ ձեռից չեք պրծնի»,- ոգևորված ասում է ինքը: «Սաղ, սաղ օրենքով է: Լրագրողները իրավունք չունեն կոտրել պաշտպանյալիս կայֆն ու լոմկի մեջ գցել»,- հայտարարում է փաստաբանը:

Այդ պահին իրեն է զանգահարում իր դղյակի մամլո ծառայության ղեկավարն ու խուճապահար գոռում. «Շեֆ, հենց նոր հայտնեցին, որ Երևանից այստեղ մի ամբողջ օպերխումբ է գալիս, որ ձեզ ձերբակալի»: 

«Յա, երբ կլինե՞ն այստեղ»,- հարցնում է ինքը: «Շեֆ, ասին, մինչև տարվա վերջը, կամ էլ՝ մյուս տարվա վերջը, իսկ միգուցե, էն մյուս տարվա վերջը»: 

«Կհասցնենք»,- ասում է ինքը ու 1-ին կորպուսի հրամանատարին կարգադրում. «Տագնապ հնչեցրու, կվադրոտանկերը մարտական պատրաստվածության բեր, էն սուզանավն էլ հանի բասեյինից»:

Հանկարծ երկնքում երկու Սու-34 կործանիչներ են հայտնվում ու սկսում դղյակի վերևում սավառնել: «Արա, էս ի՞նչ ա»,- գոռում է ինքը: Սաֆարիի կազմակերպիչն ասում է. «Էս սաֆարիի վերջին կետն է: Սրանք դրոններն են»: «Ո՞նց, խի սենց դրոններ են լինո՞ւմ»,- հարցնում է ինքը: «Մենք ձեզ ասել էինք, չէ՞, որ սա հայկական առանձնահատկություններով սաֆարի է լինում»,- անվրդով պատասխանում է սաֆարիի կազմակերպիչը:

Արթնանում է դղյակի միջնաբերդում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1988 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ