...

Վովա ջան, գոնե Կայենի անունը մի տուր

Վովա ջան, գոնե Կայենի անունը մի տուր

Երկու տարվա լռությունից (երևի պաշտոնը կորցնելու հոգեբանական սթրեսն էր բուժում) և բյուջե միլիոնավոր դրամներ վերադարձնելուց հետո կրկին ակտիվացել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ֆեյսբուքում անում է գրառումներ, որոնք իրենցից ներկայացնում են կրոնափիլիսոփայական նոր դպրոց հիմնելու առաջին քայլեր: Ներկայացնեք մտքի գոհարներ վերջին գրառումից.

«Ինչպես որ դատարկ տեղը Տիրոջդ անունը չպիտի տաս, այնպես էլ դատարկ տեղը մի՛ վախեցրեք մարդկանց հների վերադարձի փուչ սպառնալիքով: Ասում եմ՝ երկրիս ջրերը փոխվել են, ու մեզնից է կախված, թե զուլալվելուց հետո ով կապրի պարզ ջրերում, և ով անիծված ու հալածական կդեգերի երկրի երեսին: Կայենությունն անիծված է:

Շատերն էլ մասնակցել են՝ թմբուկ են զարկել, պար են բռնել կուռքի շուրջը, պաշտամունքային գոռգոռացել են: Բոլորից առաջ այդ այլանդակ ծեսի գաղափարախոսներն ու կազմակերպիչները պիտի թողություն խնդրեն: Ու ներում ստանալով՝ հեռանան, որ իրենցից հետո լա՛վը հիշվի: Իսկ լավ գործեր, կրկնում եմ, կան: Օրինակ՝ երկիրն այնպիսի ծայրահեղ վիճակի բերեցին, որ վերջապես ջոկվեց չարը բարուց, լավը՝ վատից, դավաճանը՝ հավատավորից: Մեզ այնքան մոտեցրին աղետի եզրին, որ գործով սկսեցինք սիրել հայրենիքը:

«Պատիվ ունեմ» արտահայտությունը «հայրենիք»-ից հետո ամենաթանկն է մեզ՝ զինվորականներիս համար: Ու երանի նրան, ով վաստակում է այն բարձրաձայնելու իրավունքը»:

«ՉԻ». Պարոն նախկին դերասան ու ոստիկանապետ, հիմա ո՞վ է դատարկ տեղը տալիս Տիրոջ անունը, ո՞վ է փորձում Տիրոջ անվան տակ թաքնվելով՝ հեղաշրջման և ռևանշի փորձեր կազմակերպել: Կայենի մասով ընդհանրապես չարժե ծավալվել: Վազգեն Սարգսյանին եղբայր անվանածը իրավունք ունե՞ր դավաճանել նրա մյուս եղբորը կամ ճանապարհ անցնել նրանց հետ, որոնք անարգում էին Գրետա մայրիկին՝ ստիպելով օրեր շարունակ նստել անձրևի տակ՝ չարժանացնելով ընդունելության:

Այս խոհափիլիսոփայական տրակտատը գրեիք 2017 թվականի ապրիլի 2-ին և ասեիք՝ այս ի՞նչ եք անում, ինչպե՞ս կարելի է 120 երիտասարդների զոհվելու տարելիցին ստորացնել ժողովրդին և այնուհետև հրավառություն կազմակերպել: Այդ այլանդակ ծեսը մի քանի օր ուշ արեք և մի վիրավորեք մի ամբողջ ազգի, որը սգում է իր հերոսների մահը:

«Գործով սիրեցինք հայրենիքը»: Սա ինքնախոստովանությո՞ւն է: Այսինքն՝ մինչև պաշտոնը կորցնելը միայն բաժակաճառի տեսքո՞վ էիք սիրում: Թե, ասենք, հատկապես սիրո պոռթկումներ էին լինում, երբ թանկարժեք նվերի վրա լինում էր նաև Հայաստանի զինանշանը: Բա որ սիրում էիք, ինչո՞ւ երկիրը հասցրեցիք այս վիճակին: Սիրելո՞վ էիք ծեծում, ահաբեկում, ստորացնում նրա քաղաքացիներին:

«Պատիվ ունեմ»-ի մասով: Ինչպես ասում էր դասականը՝ իյա՞, իրո՞ք: Նո՞ր եք ձեռք բերել: Որտեղի՞ց եք գնել և ի՞նչ արժի: Բա էդ պատիվը ո՞ւր էր, երբ Արշակը պետավտոտեսուչների «լևի» հոսքագիծ էր բացել: Բա պատիվ կա՞ր, որ ռազմական ոստիկանության սպաներին ստիպում էիք գնային և Սաշիկի վարորդ աշխատեին: Ամբողջ կյանքում ոստիկան աշխատածը Սևանի շքեղագույն ամառանոցը հաստա՞տ անպատիվ գործարքների շնորհիվ չի կառուցել: Հաստա՞տ նույնը չի վերաբերում փեսայի ամերիկյան միլիոնավոր դոլարների անշարժ գույքին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3532 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ