«․․․Մեր սահմաններից այն կողմ, Ղարս և այլ տարածքներում մինչև 200 կմ, այդտեղի բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է ՀՀ-ում: Դրա համար ես ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ ամենաժամանակակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Նկատի ունեմ տոմոգրաֆիայի և այլ սարքերը: Այդ դեպքում մեր բժիշկները բավական լավ կրթություն ունեն և հնարավոր է, որ այդտեղի բնակիչները Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից նաև Երևանից օգտվեն: Մենք էլ օգտվելու ենք ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»,- այսօր հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիան կարող է տնտեսապես գրավել Հայաստանը։
Աշխարհն աշխարհով, Սուքիասյանն իր բիզնես շահերով։ Դեռ բանակցությունները որևէ հանգրվանի չեն հասել, դեռ պարզ չէ, թե Հայաստանն ինչ է ստանալու դրանցից, իսկ Թուրքիան՝ ինչ, Սուքիասյանն արդեն մեսիջներ է ուղարկում։ Իսկ գուցե հենց ինքն էլ անհանգստացա՞ծ է «այդտեղի բնակիչներին» բժշկական ծառայություններ մատուցելու բիզնես նախագծով։ Ի՞նչ կա որ, կառավարությանը բիզնես նախագիծ կներկայացնի, մի հատ պետական տենդեր կհայտարարեն, Սուքիասյանը կամ առնչակից որևէ մեկը տենդերը կշահի ու կսկսեն, ասենք, կատե ու դոպլեր հետազոտություններով սպասարկել Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի բնակիչներին՝ ծպտյալ հայերին, քրդերին, թուրքերին և առհասարակ բոլոր-բոլորին։ Էստեղ կարևորը հո ազգությունը չէ՞, այլ տենդերը՝ փաթեթավորված Հիպոկրատին տրված երդման բարոյականությամբ։ Այնպես որ, չենք զարմանա, եթե առաջիկայում տեղեկանանք, որ Սուքիասյան ընտանիքի բիզնեսը համալրվել է գործունեության նոր տեսակով՝ մասնավոր կլինիկա, հետազոտական կենտրոն և նմանատիպ մի կառույց կամ ցանց, որն իր լայն դռները կբացի հարևանների առաջ՝ բնականաբար թանկ գներով և սպասարկման ոչ տեղական որակով։
Գոհար Վեզիրյան