...

«Խաղաղության դարաշրջանի» հապճեպ հերձումը

«Խաղաղության դարաշրջանի» հապճեպ հերձումը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան համարյա բաց տեքստով սպառնում է Հայաստանին՝ հայտարարելով, թե «արևմտյան մայրաքաղաքներում հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագրի» ստորագրումը ոչ թե կայուն խաղաղություն կբերի տարածաշրջանին, այլ հակառակը՝ ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների հիմք կդնի։ Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը․ «սիրելի հայեր, թույլ մի՛ տվեք, որ Արևմուտքը ձեր արյան ու կորուստների հաշվին առաջ մղի իր շահերը, թույլ տվեք, որ մե՛նք ձեր արյան ու կորուստների հաշվին առաջ մղենք մեր շահերը, թե չէ՝ մեզանից չնեղանաք, մի թեթև աչքով կանենք մեր ռազմավարական գործընկերոջը, ու նոր պատերազմ կստանաք»։ Ընդ որում՝ Ռուսաստանի այսօրինակ «սրտացավությունը» շատերին միանգամայն անկեղծ է թվում, որովհետև Արևմուտքն իսկապես էլ մեր տարածաշրջանում բացառապես սեփական շահերն է հետապնդում։

Բայց մի հարց այնուամենայնիվ մնում է անպատասխան։ Արցախի՝ արդեն համարյա ութ ամիս տևող լիակատար շրջափակմամբ Ադրբեջանը փորձում է ավելացնել ճնշումն ու հայկական կողմին ստիպել արագացնել կապիտուլյացիայի փաստաթղթավորումը, ընդ որում՝ այնպիսի տեքստով, որը հետագայում իսկապես էլ նոր պատերազմի հիմք կդառնա։ Ճի՞շտ է։ Ճիշտ է։ Ենթադրենք՝ Արևմուտքին էլ դա ձեռնտու է, որովհետև իրենց «հապճեպ» խաղաղության համաձայնագիր է պետք, դրա համար էլ առանձնապես իրենց չեն կոտորում Արցախի շրջափակումը վերացնելու հարցում։ Շատ լավ, բայց ստացվում է, որ ռուսներին այդ «հապճեպությունը» պետք չէ։ Ուրեմն ինչո՞ւ են մասնակցում շրջափակմանը, ինչո՞ւ են Ադրբեջանի հետ միասին մասնակցում այնպիսի «համատեղ բարդ օպերացիայի», որի ակնհայտ նպատակներից մեկը հայկական կողմին շտապեցնելն է։ 

Միայն թե չասեք՝ «ոչինչ անել չեն կարող»։ 19 բեռնատարներ արդեն համարյա տասը օր է՝ կանգնած են Կոռնիձորում, հայկական կողմը դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի մարդասիրական բեռը հասցվի Ստեփանակերտ, և տասը օր է՝ ռուսական կողմից ոչ մի պատասխան չկա։ Բացարձակապես ոչ մի։ Լավ, ենթադրենք՝ բեռը տեղ հասցնել չեն կարող, բայց գոնե կարող էին, չէ՞, ինչ-որ բան պատասխանել։ Ասենք՝ հայտարարել, թե գիտե՞ք, ճանապարհը փակ է, ադրբեջանցիները թույլ չեն տալիս, և այլն։ Բայց դա կնշանակեր հերքել պաշտոնական Բաքվի այն պնդումները, թե իբր միջանցքը բոլորովին էլ փակ չէ։ Ոչ էլ կարող են ասել, թե գիտե՞ք, ադրբեջանցիները ճիշտ են ասում, ճանապարհը բաց է, բայց մենք ձեզ թույլ չենք տալիս անցնել։ Դրա համար էլ ընդհանրապես ձայն չեն հանում։ Լուռ ծամում են իրենց օրապահիկ «տուշոնկան» ու քաշած արաղից ուռած աչքերով անտարբեր հետևում, թե ինչպես է սովամահ լինում 120 հազար մարդ։ Որովհետև իրենց այդպես են հրահանգել՝ քիչ մնաց, մի քիչ էլ խեղդեք, ու հայերը ստիպված կլինեն «հապճեպ» վազել ոչ թե արևմտյան մայրաքաղաքներ, այլ Մոսկվա, ու խնդրել, որ մե՛նք իրենց հայրենիքի հաշվին առևտուր անենք եղբայրական թուրք ժողովրդի հետ ու մենք էլ ստանանք միջնորդավճարը։

Բայց Ռուսաստանից նեղանալը բացարձակապես անիմաստ զբաղմունք է։ Արևմուտքից՝ նույնպես։ Միջազգային կազմակերպությունների մասին ընդհանրապես չենք խոսում՝ նրանց աշխատակիցներն անկեղծորեն մտահոգված են արցախահայության ճակատագրով, բայց՝ միայն աշխատանքային օրերին ու մինչև ժամը 18։00-ը, իսկ թե դրանից հետո մարդկանց հետ ինչ տեղի կունենա՝ իրենց գործը չէ, ի՞նչ արած, «երրորդ աշխարհի երկրներում» երբեմն նման բաներ պատահում են։ Եթե «նեղանում ենք»՝ պիտի Հայաստանի իշխանություններից «նեղանանք», որ երկիրը հասցրել են վիրահատական սեղանին պառկած ու դեռևս ողջ հիվանդի վիճակին, որի համար օրգանների վաճառքով զբաղվողներն արդեն անթաքույց են սակարկում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ