...

«Խաղաղության դարաշրջանի» վրա դրված տապանաքարը

«Խաղաղության դարաշրջանի» վրա դրված տապանաքարը

Ապրիլի 24-ին (խորհրդանշական է, չէ՞) Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» վրա վերջնականապես մի մեծ տապանաքար դրվեց։ Այդ օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (սա աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունն է, փաստացի՝ այն հարթակը, որտեղ ուրվագծվում են աշխարհի կարևորագույն, ճակատագրական իրադարձությունները) Ադրբեջանի ներկայացուցիչը պաշտոնապես ներկայացրեց այն ութ պահանջները, որոնք պիտի կատարի Հայաստանը, եթե ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Մինչ այդ ադրբեջանական կողմը, իհարկե, տարբեր հարթակներում հատվածաբար ներկայացրել էր իր պահանջները, բայց ապրիլի 24-ին ներկայացրեց ամբողջությամբ և պաշտոնապես, ընդ որում՝ հատուկ շեշտում ենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Իսկ թե ինչու ենք դա անվանում «խաղաղության դարաշրջանի վրա դրված տապանաքար»՝ ներկայացնենք մի քանի կետերով։

1․ Այդ ութ կետերից մեկով Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանն «ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերն ու անօրինական զինված կազմավորումներն Ադրբեջանի տարածքից»։ Հայաստանն Ադրբեջանի տարածքում զինված ուժեր չունի, հետևաբար՝ Ադրբեջանը «Հայաստանի անօրինական զինված կազմավորումներ» ասելով նկատի ունի Արցախի Պաշտպանության բանակը ու հենց դա է պահանջում «ամբողջությամբ դուրս բերել»։ Ընդ որում՝ սա ենթադրում է «դուրս բերել» նաև բոլոր նրանց, ովքեր երբևէ ծառայել են այդ բանակում, այսինքն՝ փաստացի ամբողջ տղամարդ բնակչությանը։ Մի խոսքով՝ այդ կետով Ադրբեջանը պահանջում է մինչև վերջին մարդը տեղահանել արցախահայությանը։

2․ Մեկ այլ կետով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «վերադարձնել Ադրբեջանի՝ դեռևս օկուպացված 8 սահմանամերձ գյուղերը»։ Թե կոնկրետ որ գյուղերի մասին է խոսքը՝ չի նշվում, բայց ակնհայտ է, որ խոսքը միայն անկլավների մասին չէ, որովհետև այդ հատվածներում ընդամենը 4 գյուղ կա։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանը պաշտոնապես տարածքային պահանջներ է ներկայացնում արդեն Հայաստանի Հանրապետությանը, որի տարածքային ամբողջականությունն իբր ճանաչում է ըստ Ալմա-Աթայի հռչակագրի։

3․ Մեկ այլ կետով Ադրբեջանը պահանջում է, որ «Հայաստանը փոխհատուցի Ադրբեջանին հասցված վնասը»։ ՄԱԿ-ի ամբիոնից «ռեպարացիաների» կոնկրետ թիվ չի հնչեցվում, բայց տարբեր հարթակներից մոտավոր թվեր հնչել են, և ակնհայտ է, որ Հայաստանն ի վիճակի չէ դրա անգամ 10 տոկոսը վճարել։

Կարծում ենք, միայն այս 3 կետերը բավարար են՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի պահանջները բացարձակապես անընդունելի և անիրատեսական են։ Կարող է հարց առաջանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ ենք հանգամանորեն ներկայացնում, եթե դրանք այսպես թե այնպես կատարման ենթակա չեն։ Որովհետև Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից պաշտոնապես հայտարարում է՝ խաղաղություն հնարավոր է միայն այդ պահանջների կատարման դեպքում, այլ կերպ ասած՝ պաշտոնապես հայտարարում է, որ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվելու։ Եվ նախապես դրա պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա։

Սա, ի դեպ, լավ նվեր է Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև հիմա հանգիստ կասի, որ ինքն իսկապես ուզում էր «խաղաղության դարաշրջան բացել», ու եթե չի ստացվում՝ պատճառն Ադրբեջանի անսահմանափակ ախորժակն է։ Իսկ թե ով է իր բացառիկ ապիկարությամբ ու դրան հաջորդած անատամ խեղճությամբ գրգռել այդ ախորժակն ու Ադրբեջանին այսչափ լկտիանալու հնարավորություն տվել՝ այդ մասին, բնականաբար, կգերադասի լռել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4100 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ