Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների միջավայրում համախմբումը բնականոն ընթացքում է. նշել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։ «Կյանքի է կոչվում ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից այսօր հնչեցված ուժերի մոբիլիզացիայի հրապարակային կոչը: Իմ տպավորությամբ մեր գործընկերներից շատերը իսկապես տրամադրված են համախմբվելու և խնդիրները մեկտեղ լուծելու վճռականությամբ: Ազատության հրապարակում տիրող բարձր տրամադրությունը վկայում է, որ ընդդիմության քայլերը նպատակային ու ճիշտ են հաշվարկված: Հուսամ, որ պահեստազորում գտնվող մեր մյուս բարձրաստիճան սպաները ևս կմիանան մեր նախաձեռնությանը»,- հայտարարել է Համբարձումյանը։
Ազատության հրապարակում, և առհասարակ փողոցներում այս օրերին ակցիաներ իրականացնող քաղաքական ուժերը, անհատները, քաղաքացիական առանձին խմբավորումներ բավական կոշտ հայտարարություններ են հնչեցնում Փաշինյանի հասցեին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, այդ մարդկանց հետ նույն շարքերում է, և ուրեմն՝ համաձայն է այդ հայտարարությունների բովանդակությանը։ Ինչ-որ բա՞ն է փոխվել Համբարձումյանի կյանքում, թե՞ նա պարզապես ծառայության մեջ է, անշուշտ՝ ոչ ի պաշտոնե։ Ինչո՞ւ ենք նման հարցադրում անում, որովհետև նա այն պաշտոնյաներից է եղել, որը հրապարակային տրամագծորեն հակառակն է պնդել Փաշինյանի մասին անգամ այն պահին, երբ ինքն այլևս պաշտոնյա չէր։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից հրաժարական տվեց 2020 թ․ նոյեմբերի 8-ին։ Նա այն ժամանակ հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում իր ազատման առիթն ու պատճառները մանրամասնել և դրան կանդրադառնա՝ ըստ անհրաժեշտության ու պատեհ պահին: Նույն թվականի դեկտեմբերի 11-ին նա հրապարակային կոչով դիմեց հանրությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, Արցախի և Սփյուռքի հայությանը՝ նշելով․ «Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելը առնվազն արդար չէ: Այո՛, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ: Բայց միևնույն ժամանակ, նա հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի: Հորդորում եմ ձեզ հանգիստ թողնել նաև նրա ընտանիքին, հատկապես որդուն, ով ազնիվ ու լավ երիտասարդ է, ինչը պնդելու համար ունեմ բավարար հիմքեր»: Եվ ուրեմն՝ եթե այս կարծիքին է՝ ի՞նչ գործ ունի Ազատության հրապարակում, եթե փոշմանել է, ինչո՞ւ է ծածուկ պահում իր փոփոխված վերաբերմունքը։ Շատ կասկածելի է։
Գոհար Վեզիրյան