Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է. ակնհայտ է, որ ժողովրդական ալիքն օրավուր մեծանում է և առաջիկայում տրամաբանորեն կարող է նաև հանգեցնել իշխանափոխության. կանխատեսման հեղինակը ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանն է։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք հայ ընդդիմադիրներին ներկայացնում են որպես «ռևանշիստներ», «քննադատում և հեգնում են կազմակերպիչներին, նշում, որ ցուցարարների նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, որպեսզի այդ կերպ վերջինիս թույլ չտան խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։ Ադրբեջանականից հետո գրառման հեղինակը անցում է կատարում ՌԴ-ին՝ նշելով․ «Ադրբեջանական իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնվող մամուլի նման հակակրանքը Հայաստանի ընդդիմության և, հակառակը, զուսպ հանդուրժողականությունն իշխանության հանդեպ առնվազն տարակուսելի է և հարցերի տեղիք է տալիս: Այս իմաստով հետաքրքրական է նաև ռուսական դաշնային լրատվամիջոցների անտարբերությունը, լռությունը հայաստանյան իրադարձությունների նկատմամբ։ Համոզմունքս ամրապնդվում է, որ մեր հանրությանը հուզող մտահոգությունները և կասկածները վաղ թե ուշ պետք է անաչառ քննության առարկա դառնան, ստուգվեն ու փարատվեն»։
Նման դատողությունների հեղինակը քաղաքացիական ակտիվիստ չէ, քաղաքական գործիչ չէ, մտավորականության ներկայացուցիչ չէ, նա ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է։ Պարզապես հիմա կադրերի տրամադրության տակ է։ Ավելի կոնկրետ՝ հին, բայց ժամանակի քննությամբ ապացուցված արտահայտության՝ ԱԱԾ-ականի նախկինը չի լինում, քայլող օրինակն է։ «Այս իմաստով հետաքրքրական է», թե ի՞նչ ակնկալիքներ ուներ նա ռուսական դաշնային լրատվամիջոցներից, որոնք չեն իրականանում՝ հիմք դառնալով հանրային գրավոր տեքստի։ Երևի քարոզչական խնդիր է լուծում՝ մեսիջ ուղարկելով հանրության որոշ շերտերի, թե ՌԴ-ն հրապարակում կատարվող իրադարձությունների հետ գործ չունի, որովհետև հետաքրքրություն էլ չունի, դրա համար էլ լրատվամիջոցներին պատվեր չի իջեցնում՝ լուսաբանելու հայաստանյան իրադարձությունները։ Հետաքրքրություն ունենալ-չունենալն էլ նորմալ է, աննորմալ է, երբ այդ հետաքրքրության բացակայությունն անհանգստացնում է ԱԱԾ-ականին։ Այնքան է անհանգստացնում, որ միանգամից սկսում է կասկածներից խոսել, հետո անաչառ քննությամբ դրանց ստուգում-փարատումից։ Կոնսպիրոլոգիական այսօրինակ գրառումները տեսնես ի՞նչ խնդիր են լուծում։ Քարոզչակա՞ն։ Վատ է մտածված։ Քաղաքակա՞ն: Դժվար թե։ Մնաց անձնականը։
Գոհար Վեզիրյան