Փետրվարի 7-ին Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց 8 հայ ռազմագերիների։ Նրանց մի մասը գերեվարվել էր նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների, իսկ մյուսները՝ Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։ Հայրենադարձված գերիների մասին տեղեկություններ հրապարակվեցին, համաձայն որոնց՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։ Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում է ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ «2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պատասխանն է ներկայացրել լրատվամիջոցը։ ԱԱԾ-ից նաև փոխանցել են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։
Վստահել Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատված տվյալներին, թե՞ ոչ՝ դժվար է ասել։ Մյուս կողմից էլ Հայաստանում մինչ այսօր դեռևս ամփոփված չեն 44-օրյա պատերազմի թվերը՝ մահերի, անհետ կորածների և գերեվարվածների մասով։ Հատկապես գերեվարվածների թեման վերջին ամիսներին կարծես թե ակտիվորեն չի էլ շոշափվում։ Հնարավոր է, ինչ-ինչ լատենտ գործընթացներ այս առումով ընթանում են, բայց հայ հասարակությունը ինֆորմացիան շարունակում է իմանալ ռուսներից ու ադրբեջանցիներից։ Ինչո՞ւ են այս հարցում նման լռություն կամ հանդուրժողականություն ցուցաբերում ՀՀ իշխանությունները՝ անհասկանալի է։ Հիմա արդեն ԱԱԾ-ն է փաստում, որ Գորիսի դեպքերով դեռ գերեվարված ունենք։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելուց և բնադրվելուց բացի, Ադրբեջանը գերեվարել և մինչ օրս չի վերադարձնում առնվազն մեկ քաղաքացու։ Թվում էր, թե այս փաստը Հայաստանը պետք է հնչեցներ բոլոր հնարավոր ու անհնար ամբիոններից՝ որպես ապացույց այն բանի, որ Հայաստանը ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից, և դրա վառ ապացույցը Էդիկ Հովսեփյանի գերությունն է։ Բայց քար լռություն է։ Դեռ զարմանալի է, որ ԱԱԾ-ն ճեղքել է ինֆորմացիոն բետոնե պատը և որոշակի լույս է սփռել այս հարցում։
Գոհար Վեզիրյան