Սահմանադրության փորձագետ Գոհար Մելոյանն ասել է, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների` լրտես լինելու մասին հաղորդումները պետք է հետաքննվեն: «Որոշ պաշտոնյաների գործողությունները հիմք են տալիս կարծելու, որ նրանք կատարում են օտարերկրյա կառույցների կամքը: Հուսով եմ, որ կլինեն քրեական գործեր և յուրաքանչյուրի մասով հետաքննություն կանցկացվի»:
«ՉԻ». Եկեք հաղորդում տանք, որ Գոհար Մելոյանը Ճապոնիայի լրտես է: Չէ, այդպես չէ: Տելեգրամյան մի ալիք բացենք, օրինակ՝ «Շեշուդու», այնտեղ չերեզներով ինֆո գցենք, որ Գոհար Մելոյանը Ճապոնիայի լրտես է, հետո բանից բեխաբար տեսքով այդ տեղեկատվությունը հրապարակենք: Վերջ, պետք է քրեական գործ հարուցվի, հետաքննության շրջանակներում Գոհարին կանչեն ու հարցնեն. «Գոհար, դուք Ճապոնիայի լրտե՞ս եք»: Տիկին Մելոյանն էլ կասի. ոչ: Դե որ Ճապոնիայի լրտես չեք, ուրեմն՝ գործը կարճվում է:
Բայց Գոհար Մելոյանը դրանից թող շատ չուրախանա: Մինչև ինքը դատախազությունից դուրս գա, «Շեշուդուն» հաջորդ տեղեկատվությունն է հրապարակելու, որ ինքը Պուերտո Ռիկոյի լրտես է: Դատախազության շենքի պատուհանից ձեն են տալու. «Աղջիկ ջան, մի վայրկյան հետ արի, թազա գործ ա բացվել»:
Ու այդպես Գոհար Մելոյանը ամիսներով մնալու է դատախազության շենքում: Նույնիսկ ավելի կոնկրետ կարող ենք ասել. 7 ամիս: Քանի որ աշխարհում կա մոտավորապես 210 պետություն, ամեն օր նրան այդ երկրներից մեկի լրտես են համարելու:
Մասնագիտությամբ սահմանադրագետը սա է առաջարկում: Ամեն օր հարյուրավոր հրապարակումներ և զառանցանքներ են տարածվում, հրապարակվում՝ այս կամ այն անձի լրտես լինելու մասին, ընդ որում՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ: Ու ինքը լուրջ-լուրջ առաջարկում է ամեն մեկի վերաբերյալ քրեական գործ հարուցել: Թե բա՝ սահմանադրագետ: Դա միայն այն դեպքում կարելի էր լուրջ համարել, երբ նա ասեր, որ լրտես լինելու մասին տեղեկությունը եթե չհաստատվի, ապա այն տարածողին պետք է դատել սուտ մատնության կամ զրպարտության համար: Բայց էդ մեկը չի ասում, քանի որ ինքը լուրջ սահմանադրագետ է:
«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021