...

ԱԺ-ում նոր մտածող է հայտնվել

ԱԺ-ում նոր մտածող է հայտնվել

«Սոցիալական արդարության գաղափարախոսությունը, ճիշտ է, գրավիչ է, բայց արդյունավետ չի: Սոցիալական արդարությունը չի կառուցվում հարստությունը վերաբաշխելուց, սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է, աղքատներին հարստացնելը, ոչ թե հարուստներին աղքատացնելը»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Արսենյանը միշտ էլ խոսել է, բայց խոսելու համար՝ ոչ ավելին։ Խոսել է՝ դեմքին մտածող մարդու արտահայտություն հաղորդելով։ Իրեն տասնամյակներ շարունակ համարել է ինտելեկտուալ, կարդացած, վերլուծական մտքով օժտված մեկը։ Հիմա էլ ներկա ԱԺ-ում իրեն ընդհանրապես մտքի գիգանտ է հռչակել, որովհետև ընդհանուր ֆոնն է սոսկալի։ Արսենյանն ասում է, որ սոցիալական արդարության գաղափարախոսությունը արդյունավետ չէ։ Պետք չէ գռազ գալ հարցի շուրջ՝ գիտի՞ Արսենյանն ինչ ասել է սոցիալական արդարություն։ Որովհետև հաջորդող մեկնաբանությամբ նա հաստատում է, որ բացարձակ անտեղյակ է այն գաղափարից, որը տեղում որակում է անարդյունավետ։ Քաղաքագիտության առաջին մակարդակի դասագիրքն անգամ սահմանում է, որ սոցիալական արդարությունը քաղաքական և փիլիսոփայական հայեցակարգ է, որը պնդում է՝ բոլոր մարդիկ պետք է ունենան հարստության, առողջության, բարեկեցության, արդարության և հնարավորությունների հավասար հասանելիություն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ևս փաստում է, որ մեր երկիրը սոցիալական ու իրավական պետություն է։ Իսկ իրավունքն առանց սոցիալական արդարության անհնար է պատկերացնել։ Սոցիալական արդարությունն այսօր զարգացած պետությունների առանցքային հայեցակարգն է, որն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքների, քաղաքական գործընթացներին քաղաքացու մասնակցության, սեփական կապիտալ ունենալու և այն պաշտպանելու երաշխիքների հարցերին։ Այս հասկացության մասին այսքան մակերեսային չեն եղել պատկերացումներն անգամ մեր թվարկությունից առաջ․ խեղճ Արիստոտել ու Պլատոն։ Չերկարացնենք․ ԱԺ իշխանական պատգամավորը, որը եղածներից իբր ամենա-ամենան է, տաֆտալոգիայով է զբաղված։ Իսկ շարժառիթը իր ու սոցիալական արդարության գաղափարի միջև առաջացած անջրպետն է։ Որովհետև Արսենյանը պարզ մարմնավորումն է այն բանի, թե ինչպես կարելի է թքած ունենալ սոցիալական արդարության գաղափարի, այն ամրագրող ՀՀ բարձրագույն օրենքի վրա։ 

Գոհար Վեզիրյան

Հ․ Գ․ Արսենյանը հայտարարագրել է 18 անշարժ գույք, թանկարժեք ժամացույցների հավաքածու, ոսկյա հուշադրամների հավաքածու՝ ընդհանուր 533 մլն դրամի: Բացի այդ, Արսենյանը հայտարարագրել է 300 հազար դոլար արժեքով ճաշասենյակի կահույքի հավաքածու, 8 մլն դրամը գերազանցող հյուրասենյակի կահույքի հավաքածու, 110 մլն դրամ արժեքով հյուրասենյակի կահույքի հավաքածու, 5 մլն դրամանոց հեռուստացույց և այլն (Aravot.am):

ՎԱՐԿԱՆԻՇ

   527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ