Ինքը Էգեյան ծովում լողում է, մեկ էլ ջրի հատակին դիմակ է նկատում: Դիմակը հանում է ջրից, տանում հյուրանոցի իր համարում թողնում, հետո իջնում է դիսկոտեկ:
Դիսկոտեկում գրանցվելուց հետո, որպես խմբակցության ղեկավար, հայտարարում է 5 ժամանոց ընդմիջում:
Բաժակը La’ Qayle Lavetti շամպայն է լցնում, ամբիոն չլինելու պատճառով կանգնում դիսկոտեկի կենտրոնում դրած սեղանին ու տժժալով երգում.
«Մոնակո´ս, դա վրեդեիս
ան դեն արխիսիս, գի´ աֆին նա ադիֆորիս,
Մոնակո´ս, դա ագապա´ս,
ան դեն անարխիս, նա տին տիրանաս»:
Հրաչն իր դամն է պահում, DJ Edo-ն գունագեղ «ցվետամուզիկա» է միացնում, ինքը դրա տակտով պարում է, հետո... լավ ա, լավ ա... վախխխ.... դզըմ ա...
Մի կերպ, օրորալով հասնում է իր համար, մտնում սենյակ, արդեն ուզում է փռվի մահճակալին, մեկ էլ աչքով դիմակն է ընկնում: Մոտեցնում է դեմքին, մեկ էլ դիմակը շըփ... կպնում է երեսին: Մի քանի վայրկյան ուղեղն անջատվում է, մեկ էլ աչքերը բացում է, զգում է, որ լրիվ ուրիշ մարդ է դարձել, սուպերմեն, հզորություն է զգում մարմնում, մկանները տրաքում են ամրությունից, կարծես մեջը պետականամետության ոգի է մտել:
«Հանուն հայրենիքի ես կջարդեմ պետության թշնամիներին, կպաշտպանեմ լավ մարդկանց, չարերին կպատժեմ, ես հիմա ամեն ինչ կարող եմ... հու-հուուուու»,- բացականչում է ինքը ու հյուրանոցի պատուհանից դուրս թռնում:
Մոտենում է ծովափին, տեսնի, թե ինչ հերոսություն կարող է անել, նկատում է, որ ծովում՝ ափից մի 200 մետրի վրա, մի էլիտար զբոսանավ է սլանում, որտեղ սև ակնոցով Ռոբերտ Քոչարյանն է՝ մի քանի փողկապավոր հույների հետ փռված շեզլոնգին, La’ Albain de Chandon շամպայն է խմում ու երգում «Աֆինա, մանա մու»:
«Ահա, մինչ գործազրկությունը Հայաստանում հասնում է 22,6 տոկոսի, սա ըստե հույների հետ կայֆավատ է լինում: Պետության հաշվին, կամ՝ պետության ունեցվածքի: Չի´ մարսելու»,- զայրանում է ինքը, ու ջրի վրայով քայլելով, հասնում զբոսանավին, բարձրանում, մի ձեռքով վերցնում Քոչարյանին, բարձրացնում ու խրոխտ ձայնով ասում. «Խնջույք՝ ժանտախտի պահին. հը՞, չճանաչեցի՞ր, ավելի վատ քո համար: Ես հիմա քեզ կուղարկեմ այնտեղ, որտեղից եկել ես ու այնպես է մի ձեռքով շպրտում, որ Քոչարյանը երկնքում անհայտանում է, հետո հայտնվում է մի սենյակում, որտեղ լիքը շերամ է թռվռում:
Ինքը՝ հպարտ իր հերոսությունից, վերադառնում է հյուրանոց, տեսնում է ֆոյեյում Իշխան Սաղաթելյանն ու Վահագն Ալեքսանյանն իրար վրա շշեր են նետում. «Քեզ ասում եմ, ռադ եղիր իմ հյուրանոցից»,- ասում է Իշխանը:
«Կարա՞ս ատչյոտ տաս, որ քո հյուրանոցն է»,- ասում է Վահագնը: «Հա, ՀՅԴ Բյուրօյի թիվ 14 գաղտնի շրջաբերականով էս հյուրանոցն ինձ են տվել 1923 թվին»,- քամահրանքով պատասխանում է Իշխանը:
«Ես կջարդեմ այս կոռուպցիան»,- բացականչում է ինքն ու թռնում Իշխանի վրա: Մի ձեռքով բարձրացնում է նրան, մտածում՝ ուր շպրտի, բայց այդ պահին արևածագն է սկսվում, դիմակի զորությունը կորչում է, ու հանկարծ ինքն է Իշխանի փոխարեն թռնում երկինք:
Արթնանում է դիսկոտեկի ձողին փաթաթված: