...

«Անարդար աշխարհի» երկակի ստանդարտները

«Անարդար աշխարհի» երկակի ստանդարտները

Ռուսաստանի նախագահը Վլադիվաստոկում հրապարակավ պաշտպանեց ազգերի ինքնորոշման իրավունքը՝ դա հիմնավորելով ՄԱԿ կանոնադրությամբ և Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ, ու դա, հասկանալի է, Հայաստանում բուռն քննարկումների առարկա դարձավ։ Ոմանք ոգևորված են և Պուտինի այդ ելույթը համարում են մեզ համար չափազանց կարևոր ու համարյա ճակատագրական, շատերը գտնում են, որ Պուտինն անուղղակիորեն մեղադրում է Հայաստանի բոլոր իշխանություններին՝ Ղարաբաղի անկախությունը չճանաչելու համար, ուրիշներն էլ նեղսրտում են, որ փաստորեն «անարդար աշխարհը» մեր նկատմամբ երկակի ստանդարտներ է կիրառում․․․ 

Փորձենք հասկանալ։ Իսկապե՞ս միջազգային հանրությունը (որին մեզանում սովորաբար «անարդար աշխարհ» են անվանում) չէր ճանաչում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Իհարկե ճանաչում էր։ Հիմա է՛լ է ճանաչում։ Եթե չճանաչեր՝ Մինսկի խումբը չէր ստեղծվի։ Բայց միջազգային հանրության համար դա նախկին Խորհրդային Ադրբեջանից ԼՂԻՄ-ի ինքնորոշման հարց էր, այսինքն՝ ճանաչվում էր միայն նախկին ԼՂԻՄ-ի ինքնորոշման իրավունքը։ Ինչո՞ւ։ Որովհետև ԼՂԻՄ-ը ոչ թե վերացական հասկացություն էր, այլ հստակ քաղաքական միավոր՝ հստակ սահմաններով և միջազգայնորեն ճանաչված հստակ իրավունքներով։ Նույն Կոսովոյի դեպքում, օրինակ, եղել էր պատերազմ, շփման գիծը հազար անգամ փոխվել էր, բայց այդ երկիրը միջազգայնորեն ճանաչվեց նախկինում Սերբիայի կազմում գտնվող Կոսովոյի ինքնավար երկրամասի ճշգրիտ սահմաններով։ Ռուսաստանն էլ այսօր նույնպիսի ճանաչում է ակնկալում ոչ թե, ասենք, պատմական Տավրիայի կամ Դոնբասի, այլ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի համար՝ հստակ սահմաններով։ Որովհետև հստակ սահմաններով տարածքային միավորի ինքնորոշման սկզբունքը մի՛ բան է, «ինչքան գրավել եմ իմն ա» սկզբունքը՝ բոլորովին այլ բան։ Միջազգային հանրությունը տարիներ շարունակ մեզ նույն բանն էր ասում․ «այո, նախկին ԼՂԻՄ-ի ինքնորոշման իրավունքն անբեկանելի է, բայց գրավյալ տարածքներին դա որևէ կերպ չի վերաբերում, և ցանկացած պարագայում դրանք պիտի վերադարձվեն»։ 

Սրանք էին միջազգային ստանդարտները, որոնք մենք հրապարակավ արհամարհեցինք՝ ղարաբաղյան խնդիրը միջազգային իրավունքի հարթությունից տեղափոխելով պատմական արդարության վերականգնման հարթություն և ՄԱԿ-ի կանոնադրության փոխարեն առաջնորդվելով Տիգրան Մեծի քարտեզներով ու հայկական անուններ հորինելով, ասենք, Ջեբրայիլի կամ Կուբաթլուի համար։ Մինչդեռ ԼՂԻՄ ինքնորոշման իրավունքը նույնիսկ Թուրքիան էր ընդունում։ Դեմիրելն էր, չէ՞, ոչ հրապարակային քննարկումներում ասում «լավ, Ղարաբաղը դուրս է գալիս Ադրբեջանից՝ հասկացանք, Լաչինը գրավեցիք՝ դա է՛լ հասկացանք, Հայաստանի հետ կապ էր պետք, բա մյուս շրջաննե՞րն ինչու գրավեցիք»։ Այդ հարցն, իհարկե, տրամաբանական պատասխան ուներ՝ «խնդիրն այսպես թե այնպես կարգավորվելու է փոխզիջումների հիման վրա, իսկ մենք այս պահին զիջելու բան չունենք, գրավում ենք՝ որ ունենանք»։ Բայց հետագայում այդ տրամաբանությունը գիտակցաբար թաղվեց, «ռազմահայրենասիրական ուժերը» նույն կարգավիճակը սահմանեցին նախկին ԼՂԻՄ-ի ու, ասենք, Ջեբրայիլի համար և սկսեցին դժգոհել, որ միջազգային հանրությունն այդ «միասնական Արցախի» ինքնորոշման իրավունքն այնքան էլ անվերապահորեն չի ընդունում։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն պաշտոնապես չճանաչելը կոպիտ սխալ համարողներին, ապա միայն մի հարց․ այդ ճանաչումը վերացակա՞ն պիտի լիներ, թե՞ կոնկրետ սահմաններով։ Պարզ ասած՝ նախկին ԼՂԻ՞Մ-ը պիտի ճանաչվեր (օկուպացված Շահումյանի հետ միասին), թե՞ փաստացի 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախը։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   9609 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ