«Ազատագրական շարժում» խմբի անդամները «Ազատագրում վախկոտներից և վախկոտությունից» խորագրով ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները արկղերով հավեր են բերել ու դրանց բաց են թողել հրապարակի կենտրոնում։ Թռչունների վրա փակցված է եղել Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը։ Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները, սա նկատելով, արագորեն շարժման անդամներից մեկին պառկեցրել են գետնին, ապա սկսել են հետապնդել ակցիան տեսանկարահանողին։ Հավերի ճակատագիրը դեռևս անհայտ է։
Ի դեպ՝ մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում անցկացվելու է ԳԱՌուն IV ֆուդ փառատոնը։ Նույն կայքի հրապարակմամբ՝ կազմակերպիչները ծրագրել են իսկական ԳԱՌատոն, որի մասնակիցների թվում են Երևանի եվրոպական և հայկական ռեստորանները («Ալյասկա», «Չինար», «Ոստան», «The Club», «Կիլիկիա», «Չայհոնա», «Կովկասի գերուհին»), Դիլիջանից՝ «ImToon», «Թավա», «Կճուճ» ռեստորանները, Ծաղկաձորից՝ «Կովկասի գերուհին»-ը, Արցախից՝ «Tumanyan’s Art Wine House»-ը: Կազմակերպիչները նշել են՝ գառան միսը աշխարհի առաջատար դիետոլոգների կողմից հավանության արժանացած մսի բացառիկ տեսակ է։ Այս կենդանին ուտում է միայն հանքանյութերով հարուստ լեռնային խոտ և չի գոյատևում, եթե որևէ քիմիական նյութ խառնվի կերին։ Մայիսին գառան օպտիմալ քաշը հասնում է 10-15 կգ-ի, և այդ շրջանում միսը համարվում է ամենահամեղը։
Փառատոնի մասնակից ռեստորանները կներկայացնեն գառան մսով 3-ական յուրահատուկ ուտեստ։ Խոհարարների երևակայությունն ու գաստրոնոմիական շրջանակը չեն սահմանափակվել։ «Բաց մի թողեք հիանալի հնարավորությունը և ծանոթացեք գառան մսով պատրաստելու հայկական ավանդույթին»,- հորդորել են կազմակերպիչները։ Կարծում ենք՝ փառատոնը պետք է հարգել ամենաբարձր մակարդակով։ ԱԺ նախագահը պատվիրակությամբ, կառավարության անդամները՝ վարչապետով, ՀՀ նախագահը և այլ հարգարժան պարոններ պետք է, որ իրենց ներկայությամբ պատվեն փառատոնը։
Գոհար Վեզիրյան