ՔՐՈՆԻԿՈՆՆԵՐ
Հասարակության մեջ թյուր պատկերացում կա, թե ԼՂՀ նախկին և ՀՀ ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան պատերազմում և բանակցային գործընթացում առանցքային դեմքերից մեկն է եղել և միշտ որոշակի պատասխանատվություն է կրել: Գուցե իսկապես էլ Ռոբերտ Քոչարյանն առանցքային դեմքերից է եղել (ի պաշտոնե), բայց պատասխանատվություն կրել... այստեղ արդեն սխալվում եք: Մեր «կարծր» նախագահը միշտ վարվել է այնպես, որ հանկարծ իր վրա որևէ պատասխանատվություն չընկնի: Չե՞ք հավատում: Փորձենք դիտարկել նրա քայլերը ղարաբաղյան խնդրի տարբեր փուլերում:
1. 1988-91թթ.: Ղարաբաղյան շարժումը Հայաստանում գլխավորում է «Ղարաբաղ» կոմիտեն, որի բոլոր անդամները ձերբակալվում են: Ղարաբաղում շարժումը ղեկավարում են Պողոսյանը, Դադամյանը, Մանուչարովը և այլոք: Ռոբերտ Քոչարյանը ստվերում է:
2. 1991-93թթ.: Պատերազմը սաստկանում է: Ռոբերտ Քոչարյանը... Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր է, այսինքն՝ անձեռնմխելի անձ: Այդ ընթացում՝ նաև ՀՀՇ վարչության անդամ:
3. 1994-97թթ.: Պատերազմն ավարտված է, հաղթանակը՝ լիակատար: Պատերազմի վերսկսման վտանգ չկա: Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահ է: Բանակցությունների համար պատասխանատվությունը ՀՀ նախագահի վրա է:
4. 1997թ.: ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնում է ղարաբաղյան խնդրի կարգավորման երկու առաջարկ՝ «փաթեթային» և «փուլային»: ԼՂՀ իշխանությունները մերժում են և՛ մեկը, և՝ մյուսը: Հայաստանը կանգնած է երկընտրանքի առաջ՝ «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»: Ռոբերտ Քոչարյանը դրա հետ «կապ չունի»: Նա ՀՀ վարչապետն է և զբաղվում է տնտեսությամբ:
5. 1998թ.: Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունած առաջարկները կոչելով «պարտվողական», «հայտնի ուժերը» պահանջում են նրա հրաժարականը: Ձևականորեն Ռոբերտ Քոչարյանը դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում: Նա դառնում է ՀՀ նախագահ՝ «Ղարաբաղյան հարցում ոչ մի զիջում» կարգախոսով:
6. 2000-2001թթ.: Պարզվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած նոր առաջարկներով հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ազատագրված տարածքներից, Ղարաբաղը պիտի մնա Ադրբեջանի կազմում, և Մեղրիով Ադրբեջանին պիտի միջանցք տրամադրվի: Ռոբերտ Քոչարյանն այս ծրագրին ասում է «այո» (ըստ Մինսկի խմբի համանախագահների), բայց իր վրա որևէ պատասխանատվություն չի վերցնում՝ ասելով, թե ժողովուրդը պիտի ամեն ինչ որոշի: Պատասխանատվություն չի վերցնում նաև Մեղրիի հարցում՝ Արևմուտքին հասկացնել տալով, թե «ես համաձայն եմ, բայց դուք, եթե կարող եք, Ռուսաստանին համոզեք»: Մի դեպքում պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա, մյուս դեպքում՝ Ռուսաստանի վրա:
Կարո՞ղ է արդյոք այսքանից հետո որևէ մեկը պնդել, թե անցած 10 տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն իր վրա որևէ հարցում կոնկրետ պատասխանատվություն է վերցրել: Եվ խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ: Հիշու՞մ եք նրա՝ արդեն թևավոր դարձած խոսքերը. «չեմ դիմել ժողովրդին, որովհետև սափրված չէի», «ես ընդամենը դիտորդ եմ» և այլն:
Մինչդեռ երկրի ու պետության համար ինչ-որ մեկը պիտի պատասխանատվություն կրի:
Հրայր Ավետիսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 210, հունիսի 1, 2001 թ.