«Էլի եմ ասում՝ երեխեք են, չեն հասկացել իրար, մի կաթիլ մեղրի պատմությունն է դառել: Նրանք եղել են 15 հոգի, էս կողմը եղել է 5 հոգի, վախից հանել, կրակել է, էդ է»,- «Aravot.am»-ի հետ զրույցում ասել է Ապարանի նախկին ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, թե դեպքով ձերբակալված Հայկ Հովհաննիսյանը իշխանությանն է սատարում և ընդդիմության վերջին հավաքներին մասնակցել ու սադրել է:
Մի կաթիլ մեղրի պատմությունը ողբերգական նման ընթացք չէր ունենա, և բանը չէր հասնի սպանության, եթե ոստիկանապետն առնվազն իր տեղում լիներ, կամ էլ կարողանար օպերատիվ իրավիճակում համապատասխանաբար գործել։ Բա երեք ռաունդանոց «ռազբորկա» է եղել, ողջ Ապարանը հավաքվել է՝ պարզելու՝ ով, ում, երբ, ինչի համար ազդանշան տվեց ու մեքենայի դիմացը «կտրեց»։ Ոստիկանապետը մեխի գլուխ է եղե՞լ։ Ոչ, որովհետև նա լավ էլ տեղյակ է եղել «ռազբորկաների» արդյունքներին։ Ավելին՝ «գողականով» հարցը փակելուն առանձնապես դեմ չի եղել։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ոստիկանությունը լավ էլ իմացել է, որ կոնֆլիկտ հրահրած երիասարդներից ոմանք զենքեր ունեն․ ալարել է գոնե ձևի համար ժամանակավոր զինաթափել երիտասարդներին։ Հիմա էլ շարունակում է մի տեսակ արդարացնել, թե քչով են եղել, վախեցել են, կրակել են։ Մի քիչ էլ որ խոսեցնեն, կարող է ասել՝ փորձել են ինքնապաշտպանվել։ Առհասարակ, դեռ պետք է պարզել, թե տեղի ունեցածում մեղավորության ի՞նչ մասնաբաժին է ունեցել ոստիկանությունը՝ ի դեմս Ապարանի նախկին ոստիկանապետի։
Գոհար Վեզիրյան