...

Ափսոս էր երեխան

Ափսոս էր երեխան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը արձագանքել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկի մերժմանը։ «Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին` ինքնին ապացուցում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին, ինչպես նաև միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին` ինչի համար բազմահազար ընտրող քաղաքացիների կողմից գործուղվել են Ազգային ժողով և աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։ Հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից և հարցականի տակ չեն դնի արտաքին մարտահրավերները միավորված կերպով հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը և նպատակը»,- նշել է Արշակյանը։

Երբ Հակոբ Արշակյանը դեռ բարձր տեխնոլոգիաների նախարարությունն էր ղեկավարում, մի քանի անգամ առիթ ունեցավ հյուրընկալվելու ԱՄՆ-ում։ Սիլիկոնյան հովտում աշխատող բավական լուրջ թիմի հանդիպեց, հետո ՏՏ ոլորտում ազդեցություն ունեցող որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ ճաշեց, ռոբոտաշինությունից ու տիեզերագնացությունից փիլիսոփայեց։ Ռոմանտիկ և երիտասարդ նախարարն այնքան ոգևորված էր իր դերակատարությամբ ու նոր Հայաստանի հեռանկարով, որ ակամայից ուրախացնում էր ոլորտի գիտակներին։ Հետո բոլորը մոռացան նրան։ Հետո պատերազմը սկսվեց, հետո Հակոբ Արշակյանը դարձավ քաղաքական գործիչ։ Իսկ այսօր արդեն հրապարակային նեղսրտում է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները բոյկոտել են հայաստանյան պատվիրակություններում ներկայացված լինելը։ Ավելի լավ, նախ քիչ բան կիմանան ու ավելորդ խոչընդոտներ չեն ստեղծի Արշակյանի ու թիմակիցների համար, երկրորդն էլ՝ նրանց տեղերն էլ կբաշխվեն ՔՊ-ական մանդատավորների միջև։ Մեկ է՝ աղջիկներն ու տղաները շատ մտահոգ են Հայաստանով։  

Մեկ դիտարկում ևս։ Նախարար Հակոբ Արշակյանն ասում էր, թե չի կարողանում ոլորտի բառապաշարին քաջածանոթ մամուլի քարտուղար գտնել, և ստիպված նախարարության գործունեությանն առնչվող մամլո հաղորդագրություններն ինքն է սրբագրում ու խմբագրում։ Լավ կլիներ՝ հիմա էլ մեկին գտներ, որ իր փոխարեն գրավոր մտքերը ձևակերպեր։ Հետո նոր միասնության կոչ կաներ։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1390 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ