...

Իմ տան մոտ չապրես, բարդու կատարին բույնդ չհյուսես

Իմ տան մոտ չապրես, բարդու կատարին բույնդ չհյուսես

Արդյոք հնարավո՞ր է կառավարել բնապահպանական ռիսկերը: Այս հարցը վերջերս ամենաակտուալն ու քննարկվողը դարձավ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:

 Մինչ Ամուլսարը՝  երկրում կուտակված տարբեր բնապահպանական ռիսկեր կան, որոնք դեռ չեն կառավարվում:
 Վերջին օրինակը դեռ թարմ է: 

Արագիլների ռիսկերը չկառավարողը փորձում է կառավարել Ամուլսարի ռիսկերը

Մոտ  2 ամիս առաջ համացանցն ու լրատվամիջոցները ողողված էին Արարատի մարզի  Հովտաշեն համայնքի սևացած, տկար տեսքով և յուղային շերտով ծածկված սպիտակափետուր արագիլներով: Համայնքի արագիլների մոտ 80 տոկոսը նման տեսք ուներ:

Թռչունների տեսքից անհանգստացած բնապահպաններն իսկույն սկսեցին զբաղվել արագիլների խնդրով:  
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը հայտնեց, որ սևացած 2 արագիլի սատկած են գտել բնության մեջ: Թռչել և կեր հայթայթել չկարողացող թռչուններին սկսեցին կերակրել և նաև լվանալ: Լվանալուց հետո էլ 2 թռչուն անկել է:

«20 թռչուն ենք լվացել, դրանք բոլոր այն թռչուներն էին, որոնք լավ չէին թռչում: Կային կեղտոտվածներ, բայց յուղը միայն նրանց փետուրների վրա էր նստել և չէր վնասել թափահարող փետուրները, իրենք կարողանում էին լավ թռչել: Բոլոր վատ թռչող թռչուններին մաքրել ենք»,- մանրամասնեց նա:

Աղաբաբյանը նշեց, որ 2 անգամ  անօդաչու թռչող սարքի միջոցով բները, ջրանցքներն ու դաշտերն են նայել և վատ վիճակում գտնվող ոչ մի թռչուն չեն գտել:

Յուղոտված արագիլները միայն Հովտաշենում չեն եղել՝ պնդում է «Հայաստանի թռչունների պահպանության միության նախագահ» Մամիկոն Ղասաբյանը:  Վերջինիս խոսքով՝ այն վայրերում, որտեղ ձկնաբուծարաններ կան, սպիտակ արագիլները սևացած են եղել: Հայանիստ համայնքից մինչև Ռանչպար նույն պատկերն են արձանագրել: Նա հիշեցրեց, որ 2 տարի առաջ էլ արագիլները կեղտոտվել են: Այն ժամանակ, սակայն կարծել են, թե թռչունները տեխնիկական յուղով են պատվել:

Արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ կենդանական ծագում ունեցող յուղ:

Իրավիճակի հետքերով գնացած Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի, Հայաստանի թռչունների պահպանման միության ներկայացուցիչները շրջայց էին  կատարել Արարատյան դաշտավայրում՝ Արմաշի ձկնաբուծական տնտեսություններից մինչև Մասիս քաղաք ու Սիս համայնք ընկած հատվածում՝ այցելելով այն ափամերձ բնակավայրերը, որտեղ արագիլներ կան: Արդյունքում, մասնավորապես Արտաշատի տարածաշրջանի Հովտաշեն համայնքում հայտնաբերվել էին մեծ թվով արագիլներ, որոնք նույն վիճակում են եղել:

Հետո արագիլների աղտոտման նախնական վարկածը հայտի դարձավ:  Ըստ դրա՝ արագիլների թռչել չկարողանալու պատճառը գետում լցվող ձկան սպանդի թափոններն են: 

Խնդրով զբաղվող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս ընթացքում կատարած բոլոր ուսումնասիրությունները Դատազախություն է ուղարկել, որպեսզի  պարզեն, թե ինչ թափոններից են թռչուններն աղտոտվել:

Իսկ, ըստ նախնական տարբերակի, արագիլներին աղտոտող թափոնները Արարատի մարզի ձկնաբուծարանների «ձեռքի գործն են»՝  մեղավորիներին այս շրջանակում պետք է փնտրել:

Ջրազրկվող Արարատի մարզ

Հենց Արարատի մարզում են գտնվում ձկաբուծության ամենախոշոր տնտեսությունները: Տեղի ձկնաբուծարանների մի  փոքր մասը պատկանում է  տարբեր համայնքի բնակիչներին, իսկ  գերակշռող մասը՝ օլիգարխներին:
Նախկին «Յունի Ֆիշ» ձկնաբուծարանի փոխարեն այսօր գործում են  «Գոլդ Ֆիշ»,  «Ինտեր Ակվա»  տնտեսությունները: Մարմարաշեն  համայնքում գնվող «Մխչյան Ֆիշ», Նորամարգ համայնքում՝ «Սպիտակ դելֆին», Զորակում՝  «Էմի ֆիշ», «Էկոֆիշ Թրեյդ» ձկնաբուծարանները թեև գրանցված են այլ անհատ ձեռնարկատերերի անուններով, բայց դրանց իրական սեփականատերերն են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
 Ձկնաբուծարանի սեփականատեր է նաև ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
Սայաթ-Նովա համայնքում գործող  «Ֆրագարիա» ՍՊԸ-ն, որը ձկնաբուծությամբ է զբաղվում,  գրանցված է Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի անունով:
Տարիներ շարունակ բարձրաձայնվել է, որ գործող ձկնաբուծարանները ջրազրկում են մարզը: Բնակիչները պնդում են, թե վերջին տարիներին ձկնաբուծարանները մեծ թվով արտեզյան խոշոր հորեր կառուցեցին, ինչն էլ հանգեցրեց իրենց սպասարկող հորերի ցամաքեցման։

Օրեր առաջ Կառավարության նիստում հենց այս հարցը բարձրաձայնվեց: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն առանց փորձաքննությունների, կամայական թույլտվություններ էր տվել զբաղվել ձկնարտադրությամբ: 211 տնտեսվարողներ ապօրինի ձկնարտադրություն են իրականացրել:

 Բնապահպանական ռիսկեր. կառավարելի՞  են արդյոք դրանք

Վերոնշյալ և մյուս ձկնաբուծարանների թափոնները լցվում են Հրազդան գետը, որի  ջրերով ոռոգվում են նաև Արարատի մարզի մի շարք համայնքերի հողատարածությունները: Թեև Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի ներկայացուցիչը «Չորրորդ իշխանության» հետ զրույցում հերքեց այս կարծիքը, բայց մշտապես տարբեր ահազանգեր եղել են, որ աղտոտված ջրով ոռոգում են բանջարեղենը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը վստահեցնում է, որ յուրաքանչյուր տարի ձկնաբուծարաններում ստուգումներ են կատարվում: Քննության են ենթարկվում ոչ միայն ձկնաբուծարանների ջրի օգտագործման թույլատվությունը, այլև համալիր ստուգումներ են իրականացվում: Ստուգվում են արտադրական թափոնների քանակը, տեսակը, վտանգավորության աստիճանն ու անգամ դրանց տեղաշարժը:
«Տնտեսվարողներն ունեն փաստաթուղթ, որտեղ նշվում է թափոնների տեսակը, վտանգավորության աստիճանը, որի համար նաև սահմանված են բնավճարներ: Այն թափոնները, որոնք բարձր վտանգավորության աստիճան ունեն  և չի թույլատրվում լցնել աղբավայրերում, դրանք տալիս են համապատասախան կառույցներին, որպեսզի այն ոչնչացվի: Եթե խախտումներ հայտնաբերվում են, տուգանվում են»,- նշեց նա:

Խոզի  ճարպի վարկածը

Թռչունների  հետ կապված դեպքով լայնածավալ  տեսչական  ստուգումներ են անցկացվել, նյութերը հավաքել և իրավապահներին են ներկայացրել՝ մեղավորներին գտնելու և պատասխանատվություն կանչելու ուղղությամբ:
Նա դեռ չի շտապում հայտարարել, թե արագիլները ծանր վիճակում են հայտնվել ձկան սպանդի  թափոնների պատճառով: Ասաց՝ հնարավոր է նաև ինչ-որ մեկի խոզի ճարպի հետևանքով առաջացած լինի:
«Հնարավոր է՝ ինչ-որ մեկի  անփույթ վերաբերմունքի հետևանք է: Կարող  է՝ ֆիզիկական անձը  երկրորդային հումք է փորձել օգտագործել, կեր պատրաստելու համար հետո դրանք տարել և թափել է գետը»,- ասաց գերատեսչության ներկայացուցիչը:

Մինչդեռ բնապահպան Կարինե Դանիելյանը հակառակն է պնդում, որ  ձկնաբուծարանները չեն վերահսկվել տարիներ շարունակ: Ավելին՝ նա նաև ավելացնում է, որ մեր երկրում էկոլոգիական վերահսկողությունը շատ ցածր  մակարդակի վրա է գտնվում  և իրավիճակը դեռ չի փոփոխվել:

«Իրավիճակը պետք է լուրջ ուսումնասիրվի,  մոնիթորինգ կատարվի: Մեր ունեցած օրենքները վատը չեն, եթե ինչ-որ բաց կա օրենքում,  պետք է փոփոխություն կատարել,  իսկ եթե օրենքը չի գործում,  պետք է նոր օրենսդրական ակտ ընդունել: Սկզբունքորեն օրենսդրական դաշտը պետք է սա կարգավորած լիներ»,- ասաց Դանիելյանը:

Ըստ բնապահպանի՝  տեսականորեն բնապահպանական ռիսկերը կառավարելի  են, բայց  շատ հարցեր կան, որոնք դժվար կառավարելի են:

«Նույն ստորգետնյա ջրերի  հետ կապված, այդ ո՞նց ենք մենք այդտեղ կառավարելու, իսկ սեյսմիկի  պարագայում բացարձակ կառավարելի չեն»,- նկատեց նա: 

Բնապահպանի խոսքով՝  ձկնաբուծարանների  դեպքում խնդիրը թափոններն են, որոնք կառավարելի են: Միայն թե պետք է կամք ու ծրագիր ունենալ, քրտնաջան աշխատանք կատարել և գտնել թափոնների օգտագործման դրական ճանապարհը՝  օգտագործել որպես հումոս, թե՞ այլ միջոցներ կիրառել:


 Ձկնաբուծարանները՝  խոշորացույցի տակ

Կառավարությունը  օգոստոսի 29-ի նիստում հավանություն տվեց «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը սահմանելու մասին»  որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագծին։ Ձկնային տնտեսությունները կպարտավորվեն 1 միավոր ջրի դիմաց ապահովել որոշակի արտադրանք: Իշխան ձկնատեսակի համար մեկ լիտր վայրկյան ջրի ելքով ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պետք է տարեկան արտադրողն ապահովի 700 կգ արտադրանք, թառափի համար՝ 800 կգ արտադրանք։ Նպատակն այն է, որ խրախուսվի շրջանառու ջրի օգտագործումը կիրառելով այնպիսի տեխնոլոգիական սարքավորումներ, որոն ներկայումս հասանելի են:
Վարչապետը  հորդորել է հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ շեշետելով, որ 200 տնտեսությունը զգալի թիվ է:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   9757 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ