Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված, ապա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ դարձած Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Ամուլսարի հարցին: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարկ է համարել հիշեցնել, թե ով են և ինչեր են արել նրա համար:
«Ինչ ասեմ, Պարոն Փաշինյան, կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում: Մենք իրար լավ ենք ճանաչում: Հուսով եմ կհիշես մենք ով ենք ու ինչ ենք արել ՔՈ համար»,- գրառում է կատարել Արամ Մանուկյանը: «Նայեք ձեր ատամները չփշրվի սարի ստորոտներում, բանը պայքար եք ուզում, կստանաք։ Ուզում եմ հասկանամ. էն մարդիկ, ովքեր առաջ դեմ էին կոնկրետ հարցերի հետ կապված ու պայքարում էին դրանց համար, բայց հիմա կողմ են արդեն (պաշտոնա, մանդատա, բանա), ձեր անցյալնա՞ կեղծ, թե՞ ներկան։ Ու ձեզ ո՞նցա վստահում վարչապետը։ Ախր վաղն էլ ուրիշ մոտեցում կունենաք ու կդավաճանեք համ ձեզ, համ էլ վարչապետին։ Պարոն Փաշինյան, քաղաքական քամելիոնները ամենավտանգավոր սողուններն են, էլ բան չունեմ ասելու»,- գրել է Արամ Մանուկյանը:
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստից հետո, Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչպես է գնահատում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի նման գրառումները: Ի պատասխան, Հայկ Սարգսյանը նշեց. «Գիտեք, մարդը այս երկրի քաղաքացի է և ունի ինքնաարտահայտվելու սահմանադրական իրավունք, և ոչ ոք չի պատրաստվում սահմանափակել նրա այդ իրավունքը: Ցանկացած մարդ կարող է արտահայտել ցանկացած կարծիք, եթե դա չի պարունակում վիրավորանք, անձնական դաշտ ներխուժում, իսկ այդտեղ հավանաբար որևէ վիրավորանքի տարր չկա, քանի իրավաբանները դրանով չեն զբաղվում»,- եզրափակեց քաղաքապետի տեղակալը:
Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով Մանուկյանի գրառումներին, նշեց. «Արամ Մանուկյանի պահվածքը տարբեր դրվագներում վաղուց էր հայտնի և քանի որ, կարծում եմ, որ նա վարչապետի միջնորդությամբ է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, դա գնահատական է վարչապետի արած քայլի: Ասել է թե, եկել է ցանածը հնձելու ժամանակը»:
Ավագանու Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ հավելեց. «Կարծում եմ՝ Արամ Մանուկյանին պետք է գնահատական տա իր քաղաքական թիմը և ղեկավարությունը, այդ թվում նաև քաղաքապետը, որովհետև, այնուամենայնիվ, պարոն Մանուկյանը վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոն է զբաղեցնում և ճանաչված է հանրության մեջ: Կարծում եմ՝ սա քաղաքապետի ևս մեկ վրիպում է: Իսկ պարոն Մանուկյանը պետք է հաշվի նստի այն փաստի հետ, որ ինքը պաշտոնյա է, իսկ այս խնդիրը պետք է այնուամենայնիվ կարգավորվի քաղաքապետի կողմից»: