Հունվարի 23-ին Արարատի մարզի մի բնակիչ զինված ներխուժել էր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, որտեղ գտնվում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, քոչարյանական «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության և «Yerevan today» կայքի խմբագրությունները, այնուհետև փորձել է Քոչարյանի գրասենյակ մտնել, իսկ հետո ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո այդ անձը հանձնվել է իրավապահ մարմիններին:
Ներկայացնում ենք, թե ինչպիսին կարող էին լինել «ընդդիմադիրների» արձագանքները միջադեպին:
5-րդ ալիք. «Եվ մեր թողարկումը սկսում ենք արտակարգ լուրով. մեր նկարահանող խումբը գտնվում է «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնի շենքի մուտքի առջև, որտեղ քիչ հետո անհայտ անձը ներխուժելու է շենք և հարձակվելու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վրա: Հետևեք մեզ, մենք ուղիղ եթերով հեռարձակելու ենք իշխանությունների հերթական սադրիչ գործողությունը»:
Արմեն Աշոտյան. «Այ, սա է Նոր Հայաստանի իրական դեմքը: Արդեն զենքի միջոցով են ցանկանում լռեցնել ազատ ու անկախ լրատվամիջոցները, ինչ ցանել եք, այն էլ հնձելու եք: Եղած-չեղած, մի հատ քիփիլիկ օֆիս ունի Քոչարյանը, դա էլ են ուզում փակել»:
Արթուր Վանեցյան. «Իշխանությունները պետք է վերջապես սթափվեն: Ես ինֆորմացիա ունեմ, թե ով և ինչու է այդ զինված անձին ուղարկել Քոչարյանի գրասենյակ, բայց կգա ժամանակը, նոր կասեմ: Եվ իհարկե, պատիվ ունեմ»:
5-րդ ալիք. «Եվ մեր թողարկումը շարունակում ենք արտակարգ լուրով. քիչ առաջ մինչև ատամները զինված մի տղամարդ ներխուժեց «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոն, հայտարարեց, որ եկել է հաշվեհարդար տեսնի Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների նկատմամբ, հետո բարձրացավ Հայաստանի հերոսի գրասենյակ, տեսավ մարդ չկա, ներխուժեց խմբագրության տարածք, ավտոմատից կրակահերթ արձակեց, ծանր վնասվածքներ հասցրեց բոլոր աշխատակիցներին, հետո համակարգչները հատ-հատ գետնին գցեց, ջարդեց, վերջում էլ հայտարարեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է, ահավոր չի սիրում Քոչարյանին, եկել էր, որ նրան սպաներ, բայց մոռացել էր, որ հերոսը կալանքի տակ է: Հետևեք մեր եթերին. մենք նույնիսկ տեռորի այս մթնոլորտում ձեզ մենակ չենք թողնի և կշարունակենք ուղիղ եթերով ցուցադրել մեր նկատմամբ հաշվեհարդարը»:
Դավիթ Խաժակյան. «Էրեբունի պլազայի» միջադեպը իր մեջ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Իշխանությունները հատուկ սադրել են այս գործողությունը, որպեսզի «Էրեբունի պլազայի» գինը քցեն ու այն վերջապես վաճառեն այդ չամուռ եղած շեյխերին՝ հսկայական եկամուտներ ստանալու նպատակով»:
Անժելա Թովմասյան. Իշխանական ահաբեկչի՝ «Էրեբունի պլազա» ներխուժելու թեմայի շուրջ այսօր իմ տաղավարում կզրուցենք Մարինա Խաչատրյանի հետ:
5-րդ ալիք. «Եվ մեր թողարկումն ավարտում ենք արտակարգ լուրով. «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոն այցելած 33-ամյա տղամարդը մեզ հայտնեց, որ լինելով Ռոբերտ Քոչարյանի աջակիցը, ընդամենը եկել էր իր զորակցությունը հայտնելու Արցախի հիմնադիր նախագահին, իսկ կրակոցների, մարդկանց պատանդ վերցնելու, հրազենային վնասվածքներ հասցնելու մասին լուրերը ընդամենը իշխանությունների վառ երևակայության արդյունքն են: Ինչ վերաբերում է զենքին, ապա այն խաղալիք էր, որը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը նրա ձեռքից վերցրեց, հետո խեղճ տղուն ծեծելով տարավ, խցկեց իր մեքենան, հետո տարավ անհայտ ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը քիչ հետո այստեղ կլինի և կդատապարտի նման դաժան վերաբերմունքը»:
Վազգեն Մանուկյան. Ակնհայտորեն, այդ տղան մի ռոմանտիկ էր, որն ընդամենը նման քայլով ցանկացել էր պատասխանել տեռորի և ատելության այն մթնոլորտին, որը ստեղծել են գործող իշխանությունները: 1996 թվականի ընտրություններում ես հաղթել էի, բայց չթողեցին, որ նախագահ դառնամ, ինչն էլ ռոմանտիկների ձևավորման հիմք հանդիսացավ:
«Ադեկվատ». «Էս հլը ծաղիկներն են: Մարդկանց այլընտրանք չեք թողել: Այդ տղան ընդամենը արտահայտել է ձեզանից զզված ժողովրդի վերաբերմունքը: Ինքը իսկական հերոս է, էդքան դուխ չունե՞ք, ընկել եք մի հոգու հետևից: #Staceq dzer bololan, urodner#
Դավիթ Շահնազարյան. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ քաջարի այդ զինվորի գործողությունների արդյունքում կանխվեց Արցախը հանձնելու հրեշավոր ծրագիրը»:
Հայկ Ալումյան. Մեր փաստաբանական խումբը ստանձնել է այդ տղայի պաշտպանությունը: Մենք արդեն միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի դատարանը նրան անհապաղ ազատ արձակի:
Հ.Գ. Առանձին ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը.
«Ժողովուրդ ջան, ահաբեկչությունն ու բռնությունը Նոր Հայաստանում տեղ չունեն: Այս միջադեպի արդյունքում դոլարի կուրսն իջել է, «Վնեշէկոնոմբանկում» այս պահին դոլարը վաճառվում է 476 դրամով, ահագին մարդ դոլար է առել, «Ինեկոբանկը» 13 մլն դոլարի բաժնետոմսեր է թողարկել, 12 միլիոնը մի ժամում թռցրել են, «Արդշինբանկն» էլ 7 մլն դոլարի արժեթղթերն արդեն վաճառել է «Յունիբանկին»: Ահա սա է Նոր Հայաստանի տնտեսական զարգացման վառ ապացույցը ու մեր պատասխանը բռնությանը»: