...

Թե ինչպես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահպանել իշխանությունը

Թե ինչպես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահպանել իշխանությունը

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կես տարի առաջ իմ վերջին հարցազրույցում ես ասացի, որ չեմ խանգարի նրանց, ովքեր կպայքարեն Փաշինյանի դեմ և նույնիսկ պարտավորված կզգամ օգնել: Հիմա արդեն ակներև է, որ ընդդիմանալու անվան տակ միանգամայն այլ պրոցեսներ են տեղի ունեցել ու մեծ առումով էական էլ չէ` դա միտումնավոր էր, թե` ոչ: Փաստը կա՝ Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ և, ինչն ավելի սարսափելի է, հայրենիքը ծախելու օրակարգը կա ու առաջ է գնում նույն «ընդդիմադիրների» շնորհիվ, որոնք այդ օրակարգը բառացիորեն սատարեցին: 

Ակնկալում եմ, որ շուտով հայրենիքի վաճառքի լեգիտիմացման հաջորդ փուլն է սկսելու: Այդ փուլում նույնպես կհայտնվեն, ընդդիմադիրի քողի տակ թաքնված, կոլաբորացիոնիստներ: Դեմից զգուշացնում եմ՝ կապ չունի դուք փաստացի վիժվածքի ձեռքը սեղմում եք, թե` ոչ, եթե մասնակցում եք նրա օրակարգին, նրա նախաձեռնած որևէ գործընթացի, ուրեմն լեգիտիմացնում եք այն և հետևաբար դասվելու եք փաշինյանների շարքին»:

Բավական հետաքրքիր մտքեր են: Վերջին օրերին թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվամիջոցներում ազդանշաններ էին երևում, որ ընդդիմության ներսում խնդիրներ են առաջացել և կան լուրջ տարաձայնություններ: Արթուր Դանիելյանի գրառումը դրա վառ ապացույցն է: 

Արդեն ակնհայտ է, որ ընդդիմության մի մասը դժգոհ է Վազգեն Մանուկյանի գործելաոճից, մի մասն ընդունում է, որ ընդդիմությունը նման ֆորմատով հաջողության հասնելու չնչին շանսեր ունի: Կան գործիչներ, որոնք արդեն հասցրել են հիասթափվել Վազգեն Մանուկյանից: 

Բայց իրականում խնդիրը միայն Վազգեն Մանուկյանի մեջ չէ: Պրոբլեմը այս ընդդիմության գաղափարազուրկ բնույթն է: Տեսեք, այս 17 ուժերը միավորվելուց հետո ընդամենը մի կարգախոս են առաջ քաշել. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Ու վերջ: Այլ բան չեն ասում: Հա, մեկ էլ ասում են՝ Նիկոլը պիտի հեռանա, որ մենք գանք իշխանության: Թե ինչու պիտի հենց իրենք գան իշխանության, չեն ասում: Չեն ասում, թե Հայաստանն այս ճգնաժամից հանելու ինչ քայլեր են իրականացնելու, ինչ ծրագրեր ունեն: Վազգեն Մանուկյանն ասում է, ծրագիր ունենք, ջեբս դրած է, բայց ցույց չեմ տա: 

Իրականում այս ընդդիմությունը որևէ պատկերացում չունի, թե ինչպես պետք է լուծվեն պետության առջև ծառացած հիմնախնդիրները: Սկսենք նրանից, որ սրանց մի մասը 20 տարի երկիր է ղեկավարել, ու գլխավոր պրոբլեմները լուծելու փոխարեն իրենից հետո նոր պրոբլեմներ է թողել: Հիմա սրանց մի մասն ասում է՝ չենք ընդունելու հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքները, մի մասն ասում է՝ պետք է հաշտվենք իրողությունների հետ: Մի մասն ասում է (օրինակ՝ Իշխան Սաղաթելյանը)՝  Լավրովի պլանը անընդունելի է, մի մասն ասում է՝ Նիկոլը պիտի պատերազմի հենց սկզբում ընդուներ Լավրովի պլանը: Այսինքն, 6 հոգով 7 երգ են երգում: 

Ու մենք դեռ չենք խոսում սրանց գործելաոճի մասին: Մի հատ իրենց ելույթները լսեք: Ամբողջը համեմված է վիրավորանքներով, հայհոյանքով, սպառնալիքով, շանտաժով, բռնության կոչերով: Գոնե մի հատ ռացիոնալ, զուսպ, սթափ խոսք չես լսի: Բոլորը պոպուլիզմի մեջ վարպետացած են:

Դրա համար էլ հասարակությունը, որքան էլ զայրացած լինի իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի վրա, ընդդիմությանը չի աջակցում: Շատերն են ասում. Նիկոլը վատն է, բայց սրանք ավելի վատն են: Ուրեմն, ավելի լավ է՝ վատ Նիկոլը մնա, քան ավելի վատ ընդդիմությունը գա: Պարզ ասում են սա: Ու Նիկոլ Փաշինյանը օգտվում է այս հանգամանքից: Այն, որ նա մինչև հիմա իշխանության գլխին է, այս ընդդիմության շնորհիվ է: Իշխանությունը պահպանելու համար ավելի ձեռնտու ընդդիմություն հնարավոր չէր պատկերացնել: Պարզապես նվեր էր Նիկոլ Փաշինյանին: Չլիներ այս ընդդիմությունը, պատերազմի ավարտից շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը կկորցներ պաշտոնը: Հանրության ամբողջ զայրույթը նրա դեմ կուղղվեր: 

Ու պատկերը մինչև հիմա նույնն է մնացել: Արդյունքում այս ընդդիմության մի մասը հիասթափված մտածում է, որ նման ֆորմատով ու նման «առաջնորդով» ոչ միայն հաջողության չեն հասնի, այլ նաև եթե հանկարծ արտահերթ ընտրություններ լինեն, նոր խորհրդարանում տեղ չեն ունենա, ընդհանրապես կվերանան քաղաքական դաշտից ու պետք է նոր բան մտածել, փոխել գործելաոճը: Արթուր Դանիելյանի խոսքից կարելի է ենթադրել, որ որոշ ընդդիմադիր ուժեր «զադնի» են տվել և գուցե Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ խաղեր են տալիս: Ափսոս, իհարկե, որ Արթուր Դանիելյանը չի կոնկրետացրել, թե խոսքը որ ուժերի մասին է, բայց, համենայնդեպս, ֆիքսել է, որ որոշ ընդդիմադիր ուժեր փոխել են իրենց մարտավարությունը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ