...

Արցախյան ղողանջներ

Արցախյան ղողանջներ

ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ...

Պատմական զուգահեռներ անցկացնելն անշնորհակալ գործ է: Անշնորհակալ՝ հատկապես այն պատճառով, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչներից միայն ասիական գորշ ավանակն է ճանապարհի նույն հատվածում երկու անգամ սայթաքում: Այնուհանդերձ, պատմական օրինակներն առավել ակնառու կերպով են բացահայտում բոլոր այն փորձանքները, որոնք սպասվում են որևէ ժողովրդի՝ անցյալի դասերը հաշվի չառնելու դեպքում:

Հաշվի առնելով հանրապետության ներքաղաքական իրավիճակը, նպատակահարմար ենք համարում ներկայացնել դրվագներ հատկապես Ղարաբաղի պատմությունից՝ ցույց տալու համար, թե ինչ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ պետության ղեկավարի ոչ լեգիտիմությունը:

Եվ այսպես, Արցախի հինգ մելիքներ որոշել էին միավորվել (Խամսայի մելիքություն), որպեսզի պայքարեն արտաքին ուժերի (Պարսկաստանի) դեմ: Սակայն Վարանդայի մելիք Շահնազարը, լինելով իշխանական ընտանիքի կրտսեր զավակը, ցանկացավ իր իշխանական տիրույթներում հասնել լիակատար իշխանության: Այդ նպատակով նա գիշերը հարձակվեց իր ավագ եղբայր Հովսեփի տան վրա և... ոչ, չպահանջեց նրա հրաժարականը. պարզապես մորթեց ամբողջ ընտանիքը և դարձավ Վարանդայի մելիք: Վրդովված նրա այս արարքից, Արցախի մյուս չորս մելիքները որոշեցին վրեժ լուծել մելիք Շահնազարից: Վերջինս, հայրենի երկրում չունենալով ոչ մի դաշնակից, ստիպված բարեկամություն հաստատեց մարդասպանության համար Իրանից փախած և Իրանի շահի կողմից հետապնդվող Փանահ խանի հետ, նրան նվիրելով Շուշի բերդը: Փանահ խանը, հասկանալով, որ մելիք Շահնազարը լեգիտիմ չէ, իր ծառայությունների դիմաց նրանից պահանջեց... ոչ, ոչ Մեղրիի միջանցքը: Ոչ էլ փող: Պահանջեց իրեն կնության տալ մելիքի դստերը, ինչը և կատարվեց (բաշխիչ ցանցերի հետ զուգահեռներ փնտրելը վնասակար է առողջությանը):

Արդյունքում Արցախի ուղիղ կենտրոնում հայտնվեց մահմեդական միջնաբերդ, իսկ Արցախի մելիքներից շատերը, հուսահատված մելիք Շահնազարի դավաճանությունից, լքեցին հայրենիքը: Իսկ պատճառն ընդամենը այն էր, որ դավաճան Շահնազարը ցանկացել էր հասնել լիակատար իշխանության և չէր խորշել անգամ իր ավագ եղբոր սպանությունից...

Ապօրինի կերպով իշխանության զավթումը միշտ էլ նման արդյունքների է հանգեցնում: Իրենք՝ իշխանություն զավթողները, կարող են և ապրել մինչև խոր ծերություն, բայց երկիրը միշտ տուժում է: Հենց սա է պատճառը, որ հասարակությունը դեմ է ոչ լեգիտիմ իշխանությունների գոյությանը: Թե չէ՝ ի՞նչ տարբերություն, թե որտեղ է ծնվել մարդը, կամ որ երկրի քաղաքացի է:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 183, ապրիլի 17, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   620 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ