«Փաստում եմ. Հրաշալի Նախարար եք եղել, պ֊ն Աշոտյան, սիրելի Արմեն ջան! Ինչքան էլ չընդունեի հանրապետականների իշխանությունը, քեզ միշտ առանձնացրել եմ։ Դուխդ տեղը, Եղբայր!». սա գրառում չէ, այլ մեկնաբանություն, որն արել է նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման ներքո, որտեղ վերջինս պնդում է, թե որևէ հանցանք չի գործել:
«ՉԻ». Մարդկայնորեն հասկանալի է Արմեն Դարբինյանի շարժառիթը: Աշոտյանը կրթության և գիտության նախարար է եղել, ինքը՝ նոր ստեղծված համալսարանի ռեկտոր: Պարզ է, եթե լեզու չգտներ նախարարի հետ, ապա հանրապետականների օրոք համալսարանը դժվար թե երկար կյանք ունենար:
Դարբինյանը հանգիստ կարող էր նույն դիֆերամբները հնչեցնել Աշոտյանի հասցեին և հայտնել իր աջակցությունը: Բայց առնվազն թիթիզություն է պնդել, թե իբր չի ընդունել հանրապետականների իշխանությունը:
Չեք գտնի գեթ մեկ հիշատակում, որտեղ Դարբինյանը քննադատած լինի հանրապետականների պարագլուխ Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման շրջանում: Հակառակը, 2018 թվականի ապրիլին նա ֆեյսբուքի իր էջում շնորհավորեց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Սակայն, երբ Սարգսյանը համաժողովրդական ճնշման ներքո ստիպված եղավ հրաժարական տալ, Դարբինյանը շտապեց հեռացնել գրառումը: Ահա ջնջված գրառումից մի քանի տող.
«Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամերն են:
Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ:
Նրա կերպարը, իհարկե, հակասական է. լինելով ՀՀ նորանկախ պետության թերևս ամենափորձառու գործիչը, նա բնականաբար կրում է և՛ մեզ հետ կատարված լավի, և՛ վատի ամբողջական պատասխանատվությունը:
Բայց նրա առանձնահատկություններից թերևս ամենակարևորը հենց պատասխանատվություն կրելն է և իրավիճակին տեր կանգնելը. ճանաչելով նրան պետականաշինության առաջին իսկ տարիներից՝ չեմ հիշում մի դեպք, երբ փորձեր խուսափել:
Նրա՝ Նախագահական տասնամյակի արդյունքներն ամփոփելիս, ուզում եմ նշել իմ կարծիքով ամենակարևոր երեքը.
1) Նախագահ Սարգսյանը ոչ միայն իշխանությանը, այլև երկրին, պետությանը և քաղաքացուն կարողացավ վերադարձնել 96-ից կարծես անվերադարձ կորսված լեգիտիմությունը: Այո, և քաղաքացուն, հատկապես՝ քաղաքացուն. մենք սովոր ենք լեգիտիմության չափանիշով չափել միայն իշխանությանը՝ մոռանալով, որ ոչ լեգիտիմ իշխանության պարագայում հարվածի տակ է դրվում և՛ պետության, և՛ քաղաքացու լեգիտիմությունը:
2) Հայաստանի Հանրապետությունը Նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ այսօր աշխարհում ՄԻԱԿ երկիրն է, որը գտնվելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքում, ունի քաղաքական համաձայնագիր Եվրոպական Միության հետ, և առևտրային արտոնյալ պայմաններ Միացյալ Նահանգների, ԵՄ, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, և այս երկրների ցանկը ընդարձակվելու է: Սա իսկապես գրոսմայստերական արդյունք է:
3) Հայաստանը այսօր, գտնվելով ըստ էության չավարտված և ամեն վայրկյան վերսկվելու վտանգ պարունակող պատերազմի պայմաններում` կարող է դասվել աշխարհի ամենախաղաղասեր երկրների շարքին. Նախագահ Սարգսյանի համարձակ հրավերը Թուրքիային (որին ոչ պատմական, ոչ էլ ընթացիկ խոհեմություն այդպես էլ չբավարարեց), զուսպ և արժանապատիվ կեցվածքն Ադրբեջանի նկատմամբ (հատկապես, նրա այն արտահայտությունը, որ մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ. դե համեմատեք սա Ալիև-որդու անդաստիարակ դրսևորումների հետ), Հայաստանի՝ բացառիկ բարեկամական մոտեցումը հարևաններ Իրանի և Վրաստանի նկատմամբ՝ չնայած այդ երկրների աշխարհաքաղաքական բարդություններին:
Հավատացեք, որ այս ամենը չափազանց բարձր է գնահատվում այսօրվա պայթյունավտանգ աշխարհում:
Անձնական զրույցներից գիտեմ, որ Սերժ Սարգսյանի համար սրանք առաջնահերթություններ են: Եվ ուրեմն՝ Բարին ընդ Ձեզ, Պարոն Նախագահ և Ամենայն Հաջողություն»:
Փաստորեն Դարբինյանը չի ընդունել լեգիտիմություն բերողին, հրաշալի գրոսմայստերին ու հանճարեղ դիվանագետին:
Մեկ այլ դրվագ «հանրապետականների իշխանությունը չընդունելուց»: Արմեն Դարբինյանը դստեր հարսանիքին, որը կազմակերպվել էր Դուբայում, հրավիրել էր նաև Սերժ Սարգսյանի աղջկան՝ ամուսնու հետ: Ինչպես ասում են՝ մի ուրիշ կարգի չի ընդունել հանրապետականների իշխանությունը, գրեթե այլախոհ է եղել և հրաշքով փրկվել: