...

Արմեն Սարգսյանի պատմական շանսը

Արմեն Սարգսյանի պատմական շանսը

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նախընթաց շրջանում, երբ կրքերը եռում են, ՀՀ նախագահին վերապահված է կարևոր առաքելություն` ստորագրել հնարավոր հանրաքվեի մասին հրամանագիրը, կամ էլ չստորագրել և է'լ ավելի խորացնել հասարակական-քաղաքական ջղաձիգ տրամադրությունները` դրանից բխող հետևանքներով:

Ու մինչ խորհրդարանական ընդդիմության որոշ հիպերակտիվ ներկայացուցիչներ սոցցանցային բաց քննարկումներում գրազ են գալիս՝ արդյոք կստորագրի Սարգսյանը համապատասխան հրամանագիրը, որով հնարավոր կլինի կյանքի կոչել «Գնաք բարով, Հրայր Թովմասյան և ՍԴ վեց անդամներ» հանրաքվեն, նախագահը հարցազրույց է տվել մի քանի ԶԼՄ-ների և ասել, թե փետրվարի 6-ին Ազգային ժողովի կայացրած որոշումը ստանալուց հետո հանրությանը կտեղեկացնի իր վերաբերմունքի մասին: «Եվ խոսքը չի գնալու սոսկ ստորագրելու կամ չստորագրելու մասին: Ես փորձելու եմ իմ ներդրումն ունենալ ըստ էության»։

Սարգսյանը հավելել է նաև, որ նախագահը Սահմանադրության «մեկնաբանը» չէ ու «ցանկացած որոշում ընդունելիս, նախագահը զուտ իրավական տեսակետին չպետք է նայի, արդյո՞ք այս օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, թե ոչ։ Պետք է ավելի լայն նայի, արդյոք տվյալ որոշումը, գործողությունը ինչպիսի ազդեցություն է թողնելու մեր հանրության, պետության և ընդհանրապես ազգային շահերի վրա»։

Սարգսյանը նաև շատ կարևոր դիտարկում է արել. «Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը: Ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին կարելի է դիմել հանրաքվեի, կամ կամքի արտահայտման (պլեբիսցիտի) միջոցով: 21-րդ դարում սա շատ արժեքավոր է: Այսօր մենք ապրում ենք երկու կյանքով՝ իրական և վիրտուալ: Վիրտուալ կյանքում լինում են բուռն քննարկումներ, կարծիքների բախումներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր և այդտեղ դու չես կարողանում տարանջատես իրականը ոչ իրականից, ճշմարիտը՝ արհեստականորեն ներմուծվածից: Այս պայմաններում շատ կարևոր է, պատկերավոր ասած, ամպերից ցած իջնել և շփվել ժողովրդի հետ, լսել նրա իրական կարծիքը»:

Ու մինչ Ա.Սարգսյանը կկայացնի իր որոշումը` հիշեցնենք, որ մինչև նախագահ ընտրվելը՝ 2018-ի փետրվարի 9-ին, մի ուշագրավ հայտարարություն էր արել. «Իմ կարծիքով, եթե ես առաջադրվեմ և ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը»:

Նախագահին այժմ տրված է պատմական շանս՝ ստանձնել չորրորդ հանրապետության առաջին նախագահի կարգավիճակը` երկրի համար երկրորդ հանգրվանային այս փուլում կայացնելով որոշում: Այն է` որպես պետության գլուխ, որն ի պաշտոնե պարտավոր է հետևել սահմանադրության պահպանմանը, այնպիսի որոշում կայացել, որով հնարավոր կլինի սկսել նախկին ռեժիմի սիմվոլ համարվող «վերջին բաստիոնի» ապամոնտաժումն ու նոր, չեզոք, ոչ թե օրվա իշխանությանն, այլ սահամանդրական արդարադատությանը ծառայող ատյանի ձևավորումը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1146 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ