...

Ինտերպոլով չհետախուզեք․ գնալիս ասել է՝ կգա

Ինտերպոլով չհետախուզեք․ գնալիս ասել է՝ կգա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ նաև այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին «Հետք» պարբերականի հրապարակումը դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն։ Հիշեցնենք, որ համաձայն հրապարակման՝ մինչև Հայաստանի նախագահ դառնալը, Սարգսյանը եղել է Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային գոտի համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթսր և Նևիսիի քաղաքացի։ Առերևույթ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով հարուցված քրեական գործից դատախազությունն ու ԱԱԾ-ն ռադիոկայանին մանրամասներ չեն փոխանցել՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։ Իսկ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ արտերկրում գտնվող Սարգսյանը բուժզննումն ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան։

Դժվար էլ վերադառնա։ Իսկ եթե չվերադառնա, բայց պարզվի, որ նա իսկապես կեղծիք է թույլ տվել, մի մեծ բոլոլա է սկսվելու։ Ինչո՞ւ, որովհետև ՀՀ իրավապահ մարմինները ստիպված են լինելու հետախուզում հայտարարել։ Ինտերպոլով։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորը, Քեմբրիջի համալսարանի այցելու դասախոսը, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամը, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամը, Ջոն Սմիթ հիմնադրամի հոգաբարձուն, Հայաստանի նախկին նախագահը, Բայդենի ընկերը, Թագուհու հարազատը հետախուզվելո՞ւ է։ Բոլոլան էլ ինչպե՞ս է լինում։ Հումորը՝ հումոր, բայց առաջարկում ենք բացել Արմեն Սարգսյանի Վիքիպեդիայի էջն ու կարդալ նրա կենսագրությունը։ Իսկապես՝ փառավոր է։ Այստեղ պարզապես մի նրբություն կա։ «Հայ-Ադրբեջանական պատերազմ 2020» բաժնում կարդում ենք․ «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախագահության ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմ»։ Վերապատմելով տեղի ունեցածը՝ նրա էջը վարողները հասնում են նոյեմբերի 9-ին։ Այստեղ կարդում ենք «Նոյեմբերի 9-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման մասին։ Այդ համաձայնագրով հայկական զինված ուժերը դուրս բերվեցին իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից։ Պայմանագրից դուրս հանձնվեցին նաև Հադրութի և Քաշաթաղի շրջանների դեռևս ադրբեջանական զինված ուժերի կողմից չգրավված տարածքներից, իրենց չհանձնված տարածքները։ 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը ընթանում էր, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի հարվածելու Ադրբեջանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։ Իր այդ հայտարարության համար նա արժանացել է սուր քննադատության»։ Արմեն Սարգսյանը դրսում ապրած մարդ է, և նա գիտի, որ Վիքիպեդիան վստահելի աղբյուրների ցանկում է։ Դրա համար էլ կարգին ուշադիր է իր էջի նկատմամբ։ Իսկ մնացածը՝ ժամանակը ցույց կտա։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ