Ռուս քաղաքական դեմքերը մեկնաբանում են Արմեն Սարգսյանի հրաժարականը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին կարծիքներ են հայտնել ոչ միայն Հայաստանի քաղաքական դեմքերն ու գործիչները, այլ նաև երկրի սահմաններից դուրս քաղաքականությամբ զբաղվող դեմքերը։ Այդ կարծիքները բավականին ուշագրավ են։ Ամենաակտիվն այս հարցում ՌԴ պաշտոնյաներն են։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապի հարցերով մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ներկայացուցիչ Վիկտոր Վոդոլացկին ասել է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը չի հանգեցնի Հայաստանի վարած արտաքին քաղաքականության փոփոխությանը: Նա համոզված է, որ հայ-ռուսական հարաբերություններն էլ նույնը կմնան։ Ռուս պաշտոնյան հավելել է, որ Հայաստանի նախագահն ինքն է նշել, որ լուրջ ազդեցություն չունի ոչ արտաքին օրակարգի և ոչ էլ ներքին հարցերում, քանի որ բոլոր լծակները և միջոցները վարչապետի ձեռքում են: «Հավանաբար նա (Արմեն Սարգսյանը) համաձայն չէ Հայաստանի տարածքում տեղի ունեցող կամ տեղի ունենալիք ինչ-որ գործողությունների և ներքին գործընթացների հետ, դա իր իրավունքն է, նա հայոց հասարակության շրջանում հարգված մարդ է: Կարծում եմ` նա իր տեղը կգտնի և կշարունակի աշխատել քաղաքական ասպարեզում»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասել է Վիկտոր Վոդոլացկին:
Իր հերթին «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը նշել է․ «Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը վկայում է այն մասին, որ հակասություններն արդյունքում վերաճել են հայացքների հակամարտության՝ ՀՀ նախագահի և Հայաստանի փաստացի ղեկավար հանդիսացող վարչապետ Փաշինյանի միջև հայկական պետականության հետագա զարգացման վերաբերյալ։ Չի բացառվում, որ Սարգսյանի համար վերջին կաթիլը դարձավ Երևանի՝ Անկարայի հետ հարաբերությունները ջերմացնելու քաղաքականությունը։ Նման իրավիճակում Սարգսյանը համարել է, որ հետագայում իր և երկրի ներկայիս քաղաքական ղեկավարության ճանապարհները տարբեր են»։
Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ ընդգծել է, թե Սարգսյանի հայտարարության նշանակությունն այն է, որ այն իրապես բնութագրում է Հայաստանում տիրող իրավիճակը: Նա հավելել է, թե ըստ ամենայնի՝ Փաշինյանի թիմը չի կարողանում գլուխ հանել ներքաղաքական իրավիճակից և նաև ակնհայտ է, որ իշխանությունը մեծ դժվարությամբ է փորձում պաշտպանել Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում։ «Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար։ Բայց Փաշինյանը դա չարեց, նախընտրեց կառչել իշխանությունից և շարունակում է կառչել դրանից։ Մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ռեժիմը ավելի ու ավելի քիչ փաստարկներ ունի իր օգտին։ Այդ խնդիրը մեզ շատ լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում, քանի որ այն անդրադառնում է և՛ հայ-ռուսական հարաբերությունների, և՛ Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի վրա, և՛ ամենակարևորը՝ Հայաստանի՝ որպես դաշնակցի գործունակության վրա»,- ասել է Զատուլինը։
Գոհար Վեզիրյան