...

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վարկածները

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վարկածները

Երեկ երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Սա անակնկալ էր, քանի որ մինչ այդ որևէ շրջանակում չէր քննարկվել Սարգսյանի՝ հնարավոր հեռացման հարցը։ Սոցիալական ցանցերում սկսեցին վարկածներ քննարկվել Արմեն Սարգսյանի որոշման պատճառների մասին։ Ընդ որում՝ այդ վարկածներից շատերի դեպքում որպես հիմնավորում մեջբերվում էր նախագահի ելույթից որևէ հատված։ Փորձենք ներկայացնել այդ վարկածները՝ ըստ սոցիալական մեդիայի օգտատերերի քննարկումների։

Առաջին վարկած։ Օգտատերերի մեծամասնությունն այն կարծիքին է, որ Արմեն Սարգսյանը հեռանում է առաջիկայում սպասվող փաստաթղթի ստորագրումից խուսափելու համար։ Շատերի վերլուծություններում գերակայում էր այդ մոտեցումը, թե այսօրվա իշխանությունը դարձյալ ոչ հայանպաստ ու վտանգավոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, և Սարգսյանը պարզապես չի ցանկանում այդ ամենի տակ տեսնել իր ստորագրությունը։ Ոմանց կարծիքով այդ որոշումը վերաբերելու է սահմանազատմանը, ոմանք էլ վստահ են, որ այն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում սպասվելիք որոշում է։ Երրորդ խումբը կարծիք է խմորում, թե դա կապված է Արցախի հարցի, մասնավորապես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի հետ։ Այս թեզի կողմնակիցները մեջբերում են Արմեն Սարգսյանի ելույթի հետևյալ հատվածները․ «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար»: Եվ կամ՝ «Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

Երկրորդ վարկած։ Արմեն Սարգսյանն օրեր առաջ ԱՄԷ կատարած իր աշխատանքային այցից հետո կարճատև արձակուրդ էր վերցրել՝ անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով: Ոմանք մտավախություն հայտնեցին, թե հնարավոր է այդ հետազոտությունները որոշակի առողջական խնդիրներ են բացահայտել, ուստի՝ Սարգսյանը որոշել է հեռանալ և զբաղվել ինքն իրենով։ Ի դեպ՝ նախագահի հայտարարության մեջ առողջության հետ կապված ակնարկ կա։ Մեջբերման այդ հատվածին կանդրադառնանք քիչ ավելի ուշ։ 

Երրորդ վարկած։ Ներիշխանական ինտրիգների վարկածը ամենաքիչ քննարկվածներից է։ Մինչդեռ Սարգսյանի հայտարարության մեջ այս մասին բավականին հստակ և երկար է ասված։ Մեջբերենք։ «Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ»: Կամ՝ «․․․Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա»: (Ինչպես տեսնում եք, Արմեն Սարգսյանը անուղղակի ակնարկում է առողջության հետ կապված որոշ հարցեր)։ Կամ՝ «Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից»:

Սրանք ընդամենը վարկածներ են, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «արտաքին քաղաքականության արմատական գործընթացներ» ձևակերպման տակ տեղադրվող այն կարծիքը, թե, հնարավոր է Հայաստանը կանգնի հիմա էլ Ուկրաինա զորք ուղարկելու խնդրի առաջ, իսկ Արմեն Սարգսյանը, հաշվի առնելով արևմտյան միջավայրը, որտեղից գալիս է, չի կարողանալու մնալ երկու քարի արանքում։ 

Բոլոր դեպքերում առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահը կլինի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այդպես է պատվիրակում ՀՀ Սահմանադրությունը, իսկ մեզ բոլորիս նոր բազմասերիանոց սերիալ է սպասվում՝ «Ո՞վ կդառնա ՀՀ նախագահ» վերնագրով։ Բարի դիտում բոլորիս։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1254 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ