...

Արտաշես Թումանյանի հերթն էլ կգա

Արտաշես Թումանյանի հերթն էլ կգա

«Սիվիլնեթ» կայքը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանին՝ ներկայացնելով վերջինիս և նրա ընտանիքին պատկանող ունեցվածքն ու հարստության աղբյուրները։ Կայքն իրավացիորեն նկատել է, որ Արտաշես Թումանյանն անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր չորս ղեկավարների օրոք զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ։ Այնուհետև հոդվածի հեղինակները ներկայացրել են Թումանյաններին պատկանող բիզնեսները, խոշոր շենք-շինություններն ու այն ընկերությունների անունները, որտեղ Թումանյանները բաժնեմասեր ունեն։ Իսկապես տպավորիչ է։ 

Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ անընդհատ նույն օլիգարխների անուններն են շրջանառվել, և դրանց շարքում Արտաշես Թումանյանի անունը չի էլ հիշատակվել։ Մինչդեռ նա Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է եղել, Սարգսյանի պաշտոնավարման վերջին տարիներին դեսպան է նշանակվել ու այդ ընթացքում հարստացել է, միլիոններ է դիզել ու նույնն էլ զավակների՝ որդու, դստեր-փեսայի համար է ապահովել։ Անկեղծ ասած, Արտաշես Թումանյանին ես էլ պարբերաբար հանդիպել եմ Կալիֆորնիայի թանկարժեք բրենդային խանութներից մեկում՝ «Bllomingdale 's»-ում՝ անընդհատ «Ferragamo» բրենդի կոշիկների բաժնում կոշիկ փորձելիս։ Մտածել եմ՝ երևի մարդը կես տարվա աշխատավարձն է հետ գցել, որ գա և կոշիկ գնի։ Մտածել եմ՝ դեսպանները լավ են վարձատրվում, որ կարողանում են հիմնական գնումների համար մտնել այս խանութ։ Բայց ոչ։ Հիմա հասկանալի է՝ Թումանյանը դեռ նախորդ իշխանությունների ժամանակ է դիզել միլիոնները, իսկ ներկաների օրոք նրան ներվել է «բերքահավաքը»։ Փաշինյանի մոտ հարց էլ չի առաջացել, թե այդ հարստությունը որտեղի՞ց։ Փոխարենը՝ խորհրդական է նշանակել մի մարդու, որն իր արժեքավոր խորհուրդներով «օգնել» է Քոչարյանին ու Սարգսյանին։ Դժվար է ենթադրել, որ Արտաշես Թումանյանի պրոֆեսիոնալիզմն է գնահատվել նախորդ նախագահների և այսօր էլ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ուղղակի Թումանյանը կարողացել է բոլորի հետ փոխել կաշին ու աշխատել։ Ինչ վերաբերում է նրա պրոֆեսիոնալիզմի մասին խոսակցություններին, ապա, որպես կանոն, պրոֆեսիոնալները չեն թաթախվում կոռուպցիոն սխեմաների մեջ, իշխանությանը սեփական բարեկեցության խնդիրներով չեն ծանրաբեռնում, նրանց հովանավորչության փորձերին քմծիծաղով են նայում և լուռ շարունակում են ծառայել պետությանը։ Արտաշես Թումանյանը, մինչդեռ, միայն ինքն իրեն ու ընտանիքին է ծառայել։ Ու այսօր էլ շարունակելու է նույնն անել։ ․․․Մինչև Փաշինյանը կհոգնի և պատկան մարմիններին կհանձնարարի նրա միլիոնների ծագման աղբյուրները ստուգել, հետո ընթացակարգի համաձայն՝ քրգործեր հարուցել, ու նրան՝ գերդաստանի հետ (փոխկապակցված անձինք) կանչել դատարան, որպեսզի մանրամասնեն, թե ինչը ինչքանով, որտեղից ու երբ են ձեռք բերել։ Չկասկածեք, որ դա կարվի՝ ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելու այն նույն լոզունգով, որով այսօր շուրջ 200 գործ արդեն քննվում է, իսկ դրանցից մեկը՝ Վլադիմիր Գասպարյանի մասով, արդեն դատարանում է։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1916 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ