Նիկոլ Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը շատ ավելի հասկանալի և ընկալելի կլիներ, եթե երկու տարի առաջ տեղի ունեցածը չկոչվեր հեղափոխություն: Առավել ևս այդքան սպասված հեղափոխություն:
Հասարակությունը շատ հարցերին պակաս քննադատական կվերաբերվեր, եթե իշխանությունը վերցնելուց հետո խոստովանվեր, որ, ելնելով Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական մի շարք իրողություններից, այս փուլում հնարավոր չէ հեղափոխական լուծումներ, և իշխանությունն ավելի շատ կենտրոնանալու է սոցիալ-տնտեսական առաջնահերթությունների վրա:
Բայց Փաշինյանը և «Իմ քայլը» ուրիշ լոզունգներով են եկել իշխանության և այն վերցնելուց հետո հրապարակային չեն հրաժարվել դրանցից: Եվ լրիվ բնական է հասարակության կոգնիտիվ դիսոնանսը, երբ տեսնում են, որ ՊՊԾ գունդը գրավողների համար դատախազությունը պահանջում է 9 տարուց մինչև ցմահ ազատազրկում, իսկ Քոչարյանի և Սարգսյանի փաստաբանները պարզապես ծաղրի են ենթարկում արդարադատությանը և դատախազությանը մասնավորապես:
Դատախազությունը դատարան չէ. այս դեպքում հնարավոր չէ խուսանավել պատասխանատվությունից, թե իշխանությունն ինչ կապ ունի արդարադատության հետ՝ չենք խառնվում դատարանների աշխատանքին և վերջ:
Իշխանության նոր մարտավարությունը՝ չմեկնաբանել ներքաղաքական լրջագույն խնդիրները, որևէ լավ բանի չեն հանգեցնելու առաջին հերթին իշխանության համար: Ամուլսարից հետո, Ծռերի վերաբերյալ մեղադրանքի հրապարակումը նմանատիպ երկրորդ դեպքն է: Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ շարժառիթներ է դրել իշխանությունը նման մեծ պատիժներ պահանջելու հիմքում:
Երկուսուկես տարի է իշխանությունը խուսանավում է հստակ գնահատական տալ վերջին քսան տարիների ռեժիմի բնույթի վերաբերյալ: Բայց այդ գնահատականը ի վերջո պետք է հնչի և դրանից հետո հասկանալի կլինի, թե ինչպիսի արդարադատություն պետք է իրականացվի Ծռերի հանդեպ: Եթե նախկին ռեժիմը հանցագործ էր, իշխանությունը զավթել էր, ապա ներկա արդարադատությունը կիրառելի չէ նրանց նկատմամբ: Իսկ եթե նախկին ռեժիմը տոտալ հանցագործ չէր, չէր զավթել իշխանությունը, պարզապես իր համակարգում ուներ կոռումպացված չինովնիկներ և առանձին տարրեր, ապա 2018 թվականի գործընթացները որևէ կերպ չի կարելի համարել հեղափոխություն: Իշխանությունը չզավթած, պարզապես իր շարքերում կոռուպցիա հանդուրժող իշխանության նկատմամբ հեղափոխություն անելն այնքան էլ լեգիտիմ չէ:
Կա մեկ այլ տարբերակ ևս: Իշխանությունները գիտեն Ծռերի ինչ-որ կապերի մասին նախկինների հետ: Այդ դեպքում նույնպես պետք է ազնիվ լինել հասարակության հետ և ապացույցներով բացատրել, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել 2016 թվականին, ովքեր և ինչու են ուղղորդել Ծռերին: Բայց դա չկա, կա չոր իրականություն՝ նախկին ռեժիմի դեմ դուրս եկած ուժը դատվում է, իսկ մերժված իշխանությունները վայելում են իրենց կյանքը և սպառնում ռևանշով:
Օբյեկտիվ հարց է առաջանում, եթե հեղափոխությունից հետո չի փոխվել արտաքին քաղաքական վեկտորը, նախկինները չեն դատվում, իսկ նրանց դեմ դուրս եկածները դատվում են նույն քննության հետևանքով, ինչ սկսել էին նախկինները, եթե Ամուլսարի վրա շարունակում է կախված մնալ հանք դառնալու վտանգը, եթե Մաշտոցի պուրակը հիմա էլ է սրճարան, ապա ինչ հեղափոխության մասին է խոսքը:
Եթե, այնուամենայնիվ, իշխանությունները շարունակում են համառել և պնդել, թե իրենց արածը հեղափոխություն էր, ապա գոնե բարի լինեն և այն անվանեն ասֆալտի հեղափոխություն: Ասֆալտը կարևոր բան է, արժեր հանուն դրա մի քանի օր փողոց փակել:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020